Չարենցավանի քաղաքապետը պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մերժել է դահլիճ տրամադրել
Հաղորդում հանցագործության մասին Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր և «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներից ստացել եմ ահազանգեր, նաև խնդրանք` հանդիպելու քաղաքացիների հետ, որպեսզի նրանց տրամադրեմ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, միևնույն ժամանակ այդ հարցի կապակցությամբ ներկայացնելով իմ դիրքորոշումը` որպես ԱԺ պատգամավոր: Նշվածի կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի համապատասխան կետով, այն է`«…Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով», և Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով` «Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության, պատգամավորական խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար», դիմել եմ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետարան դահլիճ տրամադրելու խնդրանքով (Չարենցավան քաղաքի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը)` սույն թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հանդիպումը կազմակերպելու համար: 15.12.2008-ին Չարենցավանի քաղաքապետը գրությամբ մերժել է դահլիճի տրամադրումը: Նույն օրը հեռախոսազանգի միջոցով փորձել եմ պարզաբանումներ ստանալ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանից` ուղղելով նրան հետևյալ հարցը, թե ինչու՞ չի բավարարվել իմ պահանջը, նաև նշել եմ, որ եթե իմ կողմից մատնանշված դահլիճը հնարավոր չէ տրամադրել, ուրեմն թող հատկացնեն Չարենցավանի մշակույթի տան դահլիճը կամ որևէ այլ տարածք: Չարենցավանի մշակույթի տան դահլիճի վերաբերյալ քաղաքապետը փորձեց հիմնավորել, որ այն չի ջեռուցվում, ու այնտեղի պայմաններն այնքան էլ բարվոք չեն: Ես ընդգծեցի, որ ոչ ես, ոչ բնակիչները կաշկանդված չենք ցրտից և ոչ էլ` ոչ բարվոք պայմաններից, ուստի պատրաստ ենք անցկացնել հանդիպումը նույնիսկ անհարմար պայմաններում: Հակոբ Շահգալդյանը, փորձելով շրջանցել իմ օրինական պահանջը, ինձ առաջարկեց հանդիպումն անցկացնելու վայր ընտրել Չարենցավանի կինոթատրոնի շենքը, ու քանի որ այն հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունը, ինձ խորհուրդ տվեց դիմել եկեղեցուն: Ես առարկեցի և նախազգուշացրեցի նրան, որ իրավունք չունի նման ձևով մերժել և, օրենքով սահմանված կարգով, ամսական առնվազն մեկ օր տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տրամադրել դահլիճ: Նաև շեշտեցի, որ եթե քաղաքապետը այդպիսի հիմնավորմամբ մերժում է օրենքից բխող իր պարտականության կատարումը, նշանակում է` չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, ինչին Շահգալդյանն անհարգալից կերպով ու ինքնավստահ պատասխանեց, որ միևնույն է` ինքը դահլիճ չի տրամադրելու, քանի որ քաղաքական նպատակների համար տարածք չի հատկացնում: Տարբեր տեսակի անհիմն ու ապօրինի պատճառաբանություններով դահլիճների չտրամադրման այս արատավոր երևույթը դարձել է գործելակերպ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների համար: Փաստորեն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Չարենցավանի քաղաքապետը արգելքներ է հարուցել իմ` որպես ԱԺ պատգամավորի` իրավունքների իրականացման ճանապարհին, և ապօրինաբար շրջանցում է պատգամավորի գործունեության երաշխիքը հանդիսացող օրենքի դրույթը, խոչընդոտում է պատգամավորի և ՀՀ բնակիչների իրավունքների իրացմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը: Հարգանոք` Զարուհի Փոստանջյան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Հաղորդման պատճենը ուղարկվել է՝ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ՀՀ լխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել