HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ համայնքի ավագանու թեկնածուները պայքարում են իրենց իրավունքների համար

Նոյեմբերի 30-ին անցկացվել են ՏԻՄ-ի Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի ավագանու ընտրություններ, որում ներկայացված են եղել 8 թեկնածուներ: Թաթուլ գյուղի բնակչության թիվը կազմում է 1006 բնակիչ, եւ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետ, 1001-3000 բնակիչ ունեցող համայնքներում ընտրվում են 7 ավագանի: Սակայն համայնքի անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրապարակած որոշմամբ, Վարդան Կարապետյանը եւ Նորայր Դարբինյանը չեն ընդգրկվել ընտրված ավագանիների ցուցակում: Վարդան Կարապետյանն ասում է, որ իրենք մինչեւ վերջ իմացել են, որ ընտրվելու են 7-ը: Այսպես է ասել նաեւ ընտրական հանձնաժողովի նախագահը: «Ես սկզբից էլ ասել էի, որ մեր պետք է ընտրվեն 5-ը, 7-ի մասին խոսք անգամ չի եղել»,-ասում է համայնքապետ Ալբերտ Հարոյանը: Շավարշ Կարոյանը, Վարդան Կարապետյանը եւ Նորայր Դարբինյանը հավաքել են նվազագույն ձայները եւ դուրս են մնացել ընտրապայքարից: Սակայն 7 անդամներ լինելու դեպքում, նրանցից երկուսը ` Վարդան Կարապետյանը եւ Նորայր Դարբինյանը, ըստ հավաքած ձայների, կըդգրկվեին ավագանու խորհրդի կազմում: Վերջիններս ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հ. Ասատրյանից պահանջել են բացատրություն, ով փորձել է արդարանալ նրանով, որ իրենք չեն վայելում համայնքի ղեկավարի համակրանքը, եւ վերջին օրը որոշվել է իրենց դուրս թողնել ավագանիների ցուցակից, իսկ հարցի ձեւական կողմը «հարթվել է» համայնքի ղեկավարի կողմից հետին թվով բերված կասկածելի տեղեկանքներով, որով «առկա բնակչության թիվը» դարձել է 900: Հետաքրքիրն այն է, որ նույն մարմինը բնակչության թվի վերաբերյալ 2 օրում տվել է 3 տարբեր տեղեկանքներ: «Գյուղապետը ավագանու կազմը ձեւավորում է իր «մոտիկներով», չի ուզում, որ համայնքի գործերին խառնվեն «չուժոյները», համայնք գալող բարիքներից օգտվեն մյուսները, դրա համար էլ ամեն ինչ անում է, որ կողքի մարդիկ չանցնեն»,- ասում է Թաթուլ գյուղի բնակիչներից մեկը, ով չուզեց իր անունը հրապարակել: Ընտրական հանձնաժողովի նախագահը Հ. Ասատրյանը պարզաբանեց, որ ինքը ավագանու կազմում 5 անդամ լինելու որոշումը կայացրել է` հիմնվելով պատասխանող կողմի ներկայացրած տեղեկանքի վրա, որում եղել է կնիք, ամիս ամսաթիվ եւ ստորագրություն, իսկ հայցվոր կողմի ներկայացրած տեղեկանքում ամիս-ամսաթիվ չի եղել: Սակայն հայցվող կողմը նույն տեղեկանքը ամիս-ամսաթվով ներկայացրել է արդեն համայքնի ավագանու անդամներ ընտրելու մասին որոշումը հրապարակելուց հետո: «Այդ երկրորդ տեղեկանքով, իրենք կարող էին դիմել դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու համար, բայց այլ հայցով են որոշել դիմել, դա արդեն իրենց գործն էր»,-ասում է հանձնաժողովի նախագահը: Վարդան Կարապետյանը եւ Նորայր Դարբինյանը դատարան են դիմել` համայնքի աավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 15 ընտրատարածքի որոշումը (01.12.2008թ., թիվ 11/5-Ա) մասնակի անվավեր ճանաչելու եւ իրենց ընտրված թեկնածուներ ճանաչելու պահանջով: «Մենք ոչ մեկի վրա բողոք չունենք, պարզապես ուզում էինք մեր իրավունքները վերականգնել»,-ասում է Վարդան Կարապետյանը: ՀՀ վարչական դատարանը դեկտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ եւ դատաքննությունը նշանակվել դեկտեմբերի 11-ին: Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածը, դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել ավագանու ընտրված անդամներին գործում որպես երրորդ անձ ներգրավել, սակայն ընտրված անդամները չեն ներկայացել դատարան, որից հետո դատարանը որոշել է գործի քննությունն անցկացնել նրանց բացակայությամբ: ՀՀ վարչական դատարանն այսօր հրապարակեց որոշումը, որով մերժեց հայցվորների պահանջը` հիմք ընդունելով ոչ թե հայցվորի կողմից ներկայացված Վիճակագրության եւ պետական ռեգիստրի Արագածոտնի մարզային վարչության տեղեկանքը, համաձայն որի` Արագածտնի մարզի Թաթուլ համայնքի մշտական բնակչության թիվը 2008թ.-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 884 մարդ, բացի այդ այդ համայքնում հաշվառված են 122 երկարատեւ բացակայողներ, այլ պատասխանող կողմի ներկայացրած ՀՀ ոստիկանության ԱՎՎ Թալինի անձնագրային խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի 10.12.2008թ. տեղեկանքը, որով նշված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 651 մարդ, իսկ Արագածոտնի մարզի «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի նույն օրվա տեղեկանքի համաձայն` նույն համայնքում հաշվառված են մինչեւ 18 տարեկան 226 երեխա: Որպես վկա դատարան էր եկել նաև գյուղապետը եւ ներկայացրել է մի տեղեկանք: Դատարանը հաշվի առել նաեւ դեկտեմբերի 11-ին տրված համայնքի ղեկավարի տեղեկանքը, համաձայն որի` «ըստ համայնքի ծխամատյանների 30.11.2008թ. դրությամբ համայնքում հաշվառված են մինչև 18 տարեկան 243 երեխա, որոնցից երկարատև բացակայողների թիվը կազմել է 20: «Վիճակագրական վարչություն գյուղի տվյալները փոխանցում է գյուղապետը, ինչպես է ստացվել, որ տվյալները տարբեր են եղել»,-հարցնում է Նորայր Դարբինյանը` նշելով, որ անցնող 4 թեկնածուներն էլ գյուղապետի կողմնակիցներն են: «Մենք չգիտենք, թե ինչ քայլերի, ինչ միջոցների է դիմել վերեւներում, որ նման տեղեկանքներ են բերել»,-ասում է Նորայր Դարբինյանը: Համայքապետ Ալբերտ Հարոյանն էլ պնդում է, որ իրենք ճիշտ տվյալներ են ուղարկել, բայց վիճակագրական գործակալության տվյալների` 884 հոգու մեջ նաեւ մտնում են ժամանակավոր բնակիչները, իսկ թե ինչու է վիճակագրության ծառայությունը այդ թվի մեջ մտցրել նաև ժամանակավոր բնակիչներին, գյուղապետը դժվարացավ պատասխանել: Քրիստինե Աղալարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter