Երկամյա ծրագրի դասերը
«Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպված քննարկման մասնակիցները բաժանվեցին 6 աշխատանքային խմբի: Յուրաքանչյուր խումբ քննարկում է համապատասխան թեմա եւ ունի աշխատանքի համակարգող:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման խոչընդոտները քննարկեցին 2-րդ աշխատանքային խմբում: Քննարկումներին մասնակցում էր ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Պատգամավորը ասում է, որ իրեն չեն մերժել տեղեկատվության տրամադրման հարցում, սակայն նա այլ խնդիր ունի. «Տրամադրված տեղեկատվության նկատմամբ ես վստահություն չունեմ, որովհետեւ նույն հարցադրմանը տարբեր կառույցներ տալիս են տարբեր պատասխաններ»: Ա. Բախշյանը քննարկմանը ներկայացրեց իր վերջին օրինակը. «Դիմել եմ քաղաքապետարան, կադաստրի վարչությանը, պետեկամուտների կոմիտեին, խնդրում էի տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ո՞ր դպրոցներն են վարձակալությամբ տարածքներ տրամադրել, ու՞մ են տրամադրել եւ ի՞նչ շահույթ են ստացել: Քաղաքապետարանից ստացել եմ 36 դպրոցներից բաղկացած ցուցակ, պետեկամուտների կոմիտեից` 128, կադաստրի վարչությունից` 186: Հիմա ո՞րն է արժանահավատը, ինչու՞ է քաղաքապետարանը 4 անգամ նվազեցրել թիվը»: Պատգամավորը նյութ է հրապարակել ԶԼՄ-ում, սակայն որեւէ արձագանք չի ստացել:
«Կոռուպցիայի մշակույթը Հայաստանում» թեմայի շրջանակներում 4-րդ խումբը քննարկեց կոռուպցիայի ընկալումը Հայաստանում: Խմբի համակարգող «Միջնաբերդ» հ/կ-ի ներկայացուցիչ Նունե Դիլանյանը ասում է, որ քննարկման հիմնական առանցքն այն հարցն էր, թե արդյոք հայերը համակերպվել են կոռուպցիային իրենց առօրյա կյանքում. «Բավականին լուրջ եւ խոր խնդիր է: Մենք պետք է ելք մատնանշենք, առաջարկներ ներկայացնենք: Առայժմ մի առաջարկ ունենք, որ ցանկացած փոփոխություն պետք է լինի համակարգային, բայց դժվար է մարդու գիտակցությունը փոխել: Հայերը հիմա համակերպվել են կոռուպցիային եւ գործում են գրված ու չգրված օրենքներով»:
Ներկայացվեց 1500 քաղաքացիների շրջանակում կատարված հետազոտության արդյունքները: «Արդյունքները մտահոգիչ են. մարդիկ չեն հավատում, որ իրենց գործը դատարանում արդար լուծում կստանա, չեն հավատում, որ երեխային կարող են կրթության տալ առանց կաշառքի: Բոլոր հիմնական հատվածների ինստիտուտները, որոնցից բաղկացած է հասարակությունը, ըստ մեր քաղաքացիների, կոռումպացված է»,- ասում է Նունե Դիլանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել