Եղիշեի անվան մրցանակները կշնորհվեն նոր կարգով
ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության նոր կարգը եւ հանձնաժողովի անհատական կազմը: Մրցանակաբաշխությունը, ինչպես նշվում է կառավարության կայքում, կանցկացվի չորս անվանակարգով՝ գրականություն, արվեստ, հումանիտար գիտություններ, կինեմատոգրաֆիա եւ հեռուստատեսային ֆիլմեր: Մրցանակի կարժանանան հեղինակների այն ստեղծագործություններն ու գիտական աշխատությունները, որոնք ունեն գեղարվեստական, գիտական որոշակի արժեք եւ նպաստում են Արցախում մշակույթի ու գիտության զարգացմանը:
Մրցանակաբաշխության հաղթողներին տրվում է ԼՂՀ կառավարության դիպլոմ եւ դրամական պարգեւ (յուրաքանչյուր անվանակարգի հաշվով 250 հազար դռամ):
Տեղեկացնենք, որ 2008-ի սկզբին Եղիշեի անվան «Գրականություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել գրող Հրաչյա Բեգլարյանին` «Արցախ նամե» գրքի հերթական հատորի համար: «Պատկերավոր արվեստ» անվանակարգում մրցանակ է ստացել Սամվել Գաբրիելյանը: Կինոմատոգրաֆիայի ասպարեզում մրցանակը տրվել է Արցախի հանրային հեռուստատեսության ստեղծագործական խմբին` լրագրող Սասուն Բաղդասարյանին, ռեժիսոր Հրայր Ավետիսյանին եւ օպերատոր Մհեր Մկրտչյանին: Իսկ քաղաքագետ Դավիթ Բաբայանը մրցանակ է ստացել «Քաղաքագիտություն» անվանակարգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել