HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Մկրտչյան. «Որեւէ զիջում չպիտի լինի հաջորդ սերունդների հաշվին»

«Զիջումների եւ փոխզիջումների հասկացողությունը չի կարող ներառվել պատմական տարածքների եւ հայրենիքի սահմանների տրամաբանության մեջ: Իսկ տրամաբանությունից դուրս ամեն ինչ դատարկություն է: Տրամաբանականը ԼՂՀ կայացած 18-ամյա պետությունն է` իր ողջ պետական արժեհամակարգով, ընդունված Սահմանադրությամբ ու կայացած հզոր, գաղափարական բանակով:

հայրերի հողի վրա ստեղծելու, արարելու պատրաստակամությունն է, բռնազավթված հյուսիսային Արցախի վերամիավորումն է եւ պատմական իրավունքի վերջնական վերականգնումը Կուր-Արաքսյան հատվածում: Եւ, վերջապես, տրամաբանականը միացյալ, ազատ, անկախ Հայաստանն է»,-հայտարարեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը երեկ Ստեփանակերտում ՀՅԴ 118-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Նա միաժամանակ գոհունակություն հայտնեց Արցախի բարձրագույն իշխանություններին` «վերջերս հնչեցված լուրջ, կշռադատված հրապարակային տեսակետների համար»:

Նրա որակմամբ՝ դիրքորոշումների հրապարակավ ներկայացումը նոր վստահության քվե է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: «Երկրորդն այն է, որ առանձին քաղաքական ուժեր միայնակ չեն, եւ կա հայրենի իշխանությունների անաղարտ կեցվածքը: Այլ կերպ չէր կարող լինել: Սա է հայ ժողովրդի ակնկալիքը: Մենք վստահեցնում եւ հայտարարում ենք, որ նման դիրքորոշումներում ԼՂՀ իշխանությունները մենակ չեն, իրենց հետ է Դաշնակցությունը` իր աշխարհասփյուռ կառույցով»,-ավելացրեց Դ. Իշխանյանը:

Միջոցառմանը մասնակցող ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանն իր ելույթում շեշտեց, որ հայ ազգը հարյուրամյակների անընդհատ պարտությունների շարքի մեջ վերջապես կարողացավ մի գեղեցիկ տող ամրագրել. կարողացել են հայերով բնակեցված տարածքը ոչ միայն պահպանել, այլեւ հաղթել, ազատագրել եւ այդ տարածքում հռչակել անկախ պետականություն»:

«Ահա այս մեծագույն ձեռքբերման շնորհիվ էլ կայացավ Հայաստանի անկախ պետականությունը: Եթե չլիներ Արցախի հաղթանակած պատերազմը, չէր լինի Հայրենիք-Սփյուռք միասնականությունը, չէր լինի հայոց պետականությունը»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը: Նրա խոսքերով՝ հայերն ունեն երկու մեծ հիմնահարց: «Արցախի խնդիրը մենք լուծել ենք` հայ ժողովուրդը հաղթական պատերազմով ազատագրել է իր տարածքը, այստեղ ձեւավորել պետականություն, եւ այժմ խնդիրը այդ պետականությունը աշխարհին ճանաչելի դարձնելն է: Երկրորդ խնդիրն էլ հայ-թուրքական հարաբերություններն են, որովհետեւ մեր տարածքի մեծագույն մասը բռնազավթված է մնում հարեւան երկրի կողմից: Երկուսն էլ շաղկապված են միմյանց հետ: Եվ այդ երկու հիմնահարցերի ամբողջականությունն է, որ ապահովում է Հայաստանի արտաքին քաղաքականության կայունությունը: Եվ դա է պատճառը, որ մենք պետք է կարողանանք մեր քաղաքականության նավը տանել ճիշտ, հաստատուն ճանապարհով: Պետք է կարողանանք խուսափել ավելորդ ծայրահեղականությունից եւ պարտվողականությունից: Պարտավոր ենք պահպանել ձեռք բերածը, ուղղակիորեն ապահովել Հայրենիք-Սփյուռք միասնականությունը, եւ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրները` Հայաստանն ու Ղարաբաղը, բարգավաճ երկրներ լինեն: Ահա այս խնդիրների շրջագծում է, որ պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն վարել, որ որեւէ զիջում չլինի հաջորդ սերունդների հաշվին»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter