Վերահսկիչ պալատը չարաշահումների 4 դեպքի վերաբերյալ նյութեր է ուղարկել Գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Էջմիածին ջրշին» ՍՊ ընկերության կողմից 32.237.4 հազ. դրամի աշխատանքներ չկատարելու եւ այդ չափով պետությանը վնաս պատճառելու մասին ՀՀ վերահսկիչ պալատի ուղարկած նյութերը, 2008 թվականի դեկտեմբերի 9-ին հարուցել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է դատախազության կայքէջը, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ «Էջմիածնի ջրշին» ՍՊ ընկերության միջեւ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի համաձայն՝ «Էջմիածին ջրշին» ՍՊ ընկերությունը պարտավորվել է իրականացնել 190.061.770 դրամի շինարարական աշխատանքներ, որի ընթացքում կապալառու կազմակերպության կողմից աշխատանքների ծավալների հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակվել է պետական բյուջեի առանձնապես խոշոր չափի՝ 32.237.4 հազ. դրամ գումարը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ վերահսկիչ պալատից, բացի վերը նշվածից, ստացվել են եւս 3 նյութեր, որոնցից 2-ը վերաբերել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով պետական բյուջեի հատկացրած գումարները «Սոկոլ Գրուպ» եւ «Արիաց Գրուպ» ընկերությունների կողմից անարդյունավետ օգտագործելուն եւ չարաշահումներ թույլ տալուն (Այս մասին տես Հետքի հոդվածը՝ Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել, http://hetq.am/arm/society/191/, Ըստ նախարարության` մեղավորը շահառուներն են, http://hetq.am/arm/society/258/): «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված դեպքերի վերաբերյալ 2008 թվականի ապրիլ ամսին հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար:
«Արիաց Գրուպ» ՍՊ ընկերության կատարած չարաշահումների վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից 2008 թվականի դեկտեմբերի 4-ին ստացված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն՝ Վանաձորի մանկատան չափահաս սաների համար պետության միջոցներով 2008 թվականին բնակարանների ձեռք բերման օրինականության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների հետ համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով: «Արիաց Գրուպ» ՍՊ ընկերությունը, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, իրականացրել է Վանաձորի մանկատան չափահաս սաների համար պետության միջոցներով բնակարաններ ձեռք բերելու գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են չարաշահումներ:
2008 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ վերահսկիչ պալատից ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են նաեւ նյութեր՝ «Տեգաս» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Արտամետ համայնքի գազաֆիկացման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների մասին: Ստացված նյութերի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարվում են ստուգումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել