Հինգ տարվա ազատազրկում՝ «իշխանության ներկայացուցչին պատճառած թեթեւ վնասի» համար
Այսօր Երևանի քրեական դատարանը, քննելով 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ քրեական գործը, կայացրել է դատավճիռ, որով Աշոտ Սարգսի Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով («Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը») առաջադրված մեղադրանքում դատարանը Ա. Մանուկյանին ճանաչել է անպարտ և արդարացրել նրան:
Ըստ նույն աղբյուրի՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ Ա. Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 07:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցներն Ազատության հրապարակում գտնվող բազմությանը դիմել են հանրավտանգ պարագաների առկայությունը պարզելու համար զննություն կատարելու հնարավորություն տալու կոչով, Աշոտ Սարգսի Մանուկյանը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածել, հրել ու քաշել է նրանց՝ կապված ծառայողական պարտականությունների կատարման հետ, որի ընթացքում առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արտավազդ Պետրոսյանի նկատմամբ՝ քարով հարվածելով նրա ոտքին, առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել