HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատություն» ռադիոկայանը թղթակից ունի Ստեփանակերտում

ԼՂՀ ԱՆԳ Տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանի մեկնաբանությունը «Միայն ողջունել կարելի է այն փաստը, որ տևական ընդմիջումից հետո Ստեփանակերտում իր թղթակիցն ունի «Ազատություն» ռադիոկայանը: Քաղաքացիական հասարակության զարգացածության չափի մասին շատ դեպքերում դատում են նաև նրանով, թե այդ հասարակության մեջ որքանով է ապահովված խոսքի ազատությունը: Խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը ամրագրված է մարդու հիմնարար ազատությունների շարքում: Մենք հարգում ենք այդ իրավունքը` լինելով մի պետություն, որը ճանաչում է ժողովրդավարական արժեքների գերակայությունը: Դատելով ամեն ինչից` այլ պատկեր է տիրում Ադրբեջանում, որտեղ իշխանությունները մտադրվել են շատ շուտով փակել «Ազատություն», «Ամերիկայի ձայն» և «Բի-Բի-Սի» ռադիոկայանների թղթակցական կետերը: Սա վկայում է լոկ այն մասին, որ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հավաստի ու ճշմարիտ տեղեկատվության տարածումը ձեռնտու չէ Բաքվին: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ների ցանկում մեծամասնություն են կազմում նրանք, որոնք ներքաշված են բացահայտ հակահայկական քարոզչության ոլորտը, և ոչ հազվադեպ հենց լրագրողներն են իրենց պահվածքով շիկացնում իրավիճակը` այդպիսով ավելի ու ավելի հետ մղելով և' բուն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձևավորման, և' ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը: Ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղը ձգտում է դառնալ ավելի ժողովրդավարական պետություն, մասնավորապես, խոսքի ազատության ապահովման տեսակետից: Արցախցիները թանկ գնով են ձեռք բերել իրենց ազատությունն ու անկախությունը, և այսօր հանրապետության իշխանությունները ըմբռնումով են վերաբերվում այն ամբողջ պատասխանատվությանը, որ ունեն անհատական ազատությունների ապահովման հարցում: Ասվածի համատեքստում ԼՂՀ իշխանությունները կողմնակից են, որպեսզի տեղեկատվական այլ հայտնի ծառայություններ ևս իրենց թղթակցական կետերը բացեն ԼՂՀ-ում, ինչը միայն կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում առկա գործընթացների ավելի լայն ու անաչառ լուսաբանմանը: Մենք թաքցնելու ոչինչ չունենք և ուրախ կլինենք, եթե Արցախի մասին հայտնի դառնա ավելի ու ավելի մեծ թվով երկրների ու մարդկանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter