HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Հարությունյան. «Մեղադրական կողմի ապացուցողական բազան համոզիչ չէ»

12_12-a_harutyunyanՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր լրագրողներին ներկայացրեց «7-ի գործ»-ի վերաբերյալ իր դիրքորոշումն ու հետագա ծրագրերը: Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի որոշմամբ` «Մարտի 1»-ի մայր գործից անջատված մասով «Յոթի գործ»-ի դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի դատական նիստերի թիվ 1 դահլիճում (Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան): Դատական պրոցեսի մոնիտորինգը, որը իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ցույց է տալիս, որ մեղադրական կողմի ապացուցողական բազան համոզիչ չէ, իսկ դատարաններն էլ միշտ պաշտպանում են մեղադրական կողմի մոտեցումները. «Իմ ներքին համոզմունքը ավելի համընկնում է պաշտպանության մոտեցումների հետ, եւ բնական է, քանզի դատախազության եւ հատուկ քննչական ծառայության նմանատիպ գործունեությունը, երբ փաստացի սեփականատիրոջ ինստիտուտ է առաջանում, գոնե պետք է հավասարակշռվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից»: Օմբուդսմենը ողջունում է ինչպես ներման, այնպես էլ համաներման ինստիտուտները, սական տվյալ դեպքում նախապատվությունը տալիս է համաներմանը. «Համաներումը չի պահանջում եւ պարտադրում մարդկանց կողմից մեղավորության ճանաչում, դա ցույց է տալիս բարի կամք հարցի վերաբերյալ»: Բայց քանի որ «7-ի գործը» դատարանում է, օմբուդսմենը առաջարկում է մշտապես մոնիտորինգի տակ առնել այդ պրոցեսը. «Ես ինքս մասնակցելու եմ դատական պրոցեսին, քանի որ այս գործը կարող է դառնալ փորձաքար երկրի հետագա զարգացման ուղու համար, եւ հանդես եմ գալու հայտարարությամբ պաշտպանության եւ մեղադրական կողմերի փաստարկների բախման եւ դատավորների կեցվածքի հիման վրա»: Ա. Հարությունյանը կոչ է անում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին եւ մամուլին հանդես գալ մշտական վերահսկողությամբ. «Սա այն դեպքն է, երբ բոլոր իրավապաշտպան կառույցները, մամուլը կարող են ամենօրյա հետեւողական պրոֆեսիոնալ գործողությամբ, առանց շոուների, լուրջ արդյունքի հասնել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»: Իսկ շոու ասելով` Ա. Հարությունյանը նկատի ունի դատապրոցեսի ժամանակ հաճախակի դարձած լրագրող-դատավոր բախումները, ինչը շեղում է երկու կողմերի ուշադրությունը բուն գործից, իսկ թե ում է ձեռնտու այսպիսի իրարանցումը դատապրոցեսի ժամանակ, ըստ Ա. Հարությունյանի, միանշանակ ասել չի կարելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter