HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայցվորի ներկայացուցիչը չկարողացավ մատնանշել արատավորող տեղեկությունները

Երեկ` դեկտեմբերի 11-ին, Երեւանի Քաղաքացիական դատարանը շարունակեց Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունը ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության: Երեկվա դատական նիստի ընթացքում դատավոր Ա. Բարսեղյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանը շարունակեցին հարցեր ուղղել վիճարկվող հրապարակման հեղինակ, Հետքի Նոյեմբերյանի թղթակից Ոսկան Սարգսյանին, որը որպես վկա ներգրավվել է գործում «Հետաքննող լրագրողներ»-ի փաստաբան Կարեն Մեժլումյանի միջնորդությամբ: Ապա դատավոր Ա. Բարսեղյանը Գեւորգ Դավթյանից պահանջեց մատնանշել խնդրո առարկա հոդվածի այն կոնկրետ նախադասությունները կամ արտահայտությունները, որոնցով արատավորվել է Իջեւանի քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Իջեւանի քաղաքապետարանի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանն ասաց, որ ոչ այս տարվա մայիսի 5-ին «Հետքում» հրապարակված «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածը, այլեւ դրան հաջորդած երկու այլ` «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» եւ «Ավազահանքն ապօրինի է օգտագործվում» հոդվածներ ամբողջությամբ արատավորում են Իջեւանի քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Դատավորը զարմացավ` հարցնելով` միթե հոդվածում որեւէ ճշգրիտ փաստ չկա: Նա հայցվորի ներկայացուցչին ժամանակ տվեց մտածելու եւ «արատավորող կոնկրետ արտահայտությունները գտնելու համար»` դատական հաջորդ նիստը նշանակելով հունվարի 13-ին: Ինչպես երեւում է, այս գործի քննությունը դեռ երկար կտեւի, քանի որ դատարանը դեռ չի ավարտել նախնական լսումները: Հիշեցնենք, «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով Իջեւանի քաղաքապետարանը պահանջում է «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը եւ «Հետաքննող լրագրողներ»-ից բռնագանձել 930.000 դրամ` իբրեւ «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայության մատուցման վճար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter