Թուրք լրագրողը հայերին պատմեց հայերի մասին
"Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ" գրքի շնորհանդեսը Երեւանում
"Այսօր ես մի բան եմ անելու, որը չեմ արել երբեք. հայերին պատմելու եմ հայերի մասին":
Այսպես Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր թուրք լրագրող Օսման Քյոքերը սկսեց իր գրքի ներկայացումը:
"Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ" գիրքը լույս է տեսել 2005 թվականին Թուրքիայում եւ պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից, ով մայրական կողմով հայ է, իսկ հայրական կողմով` իտալացի: Գրքում հավաքված են հարյուր տարվա պատմություն ունեցող 500 բացիկներ, որոնք ներկայացնում են օսմանական տարածքում հայ համայնքի բնակության վայրերը քաղաք առ քաղաք` համապատասխան բնակչության թվերով, եւ հայ համայնքի դերը հասարակության կյանքում:
Ինչպես հեղինակն է ասում, գրքի հրատարակման համար հիմք է հանդիսացել Թուրքիայում այսօր գերակշռող այն տեսակետը, թե երկրում երբեք այլ ազգեր չեն բնակվել. "Իմ գործով փորձել եմ կոտրել այս տեսակետները եւ ցույց տալ, որ այլ ազգեր էլ են ապրել Թուրքիայում եւ մեծ ներդրում են ունեցել նրա կայացման գործում": Այսպիսի կենտրոնամետ մոտեցումը, ըստ լրագրողի, ազդում է հատկապես երիտասարդ սերնդի գիտակցության վրա. "Նրանց մոտ արթնանում են ազգայնամոլական, շովինիստական հայցքներ եւ զգացողություններ: Ուստի, որպեսզի դա տեղի չունենա, լույս ընծայեցի այս գիրքը, որը պատմում է 100 տարի առաջ Թուրքիայում բնակվող հայերի մասին, ներկայացրեցի նաեւ բացիկներ":
Բացիկներից մեկի վրա ներկայացված են Ստամբուլի որոշ փողոցներ, որոնցում նկատվում են տարբեր լեզուներով, այդ թվում հայերեն ցուցապաստառներ, երկու հայկական հյուրանոցներ: Բացիկներից մյուսում պատկերված է կենտրոնական մզկիթներից մեկը, որի ճարտարապետը հայազգի Սինանն է:
Օսման Քյոքերը պատմում է, որ ճարտարապետի հայ լինելու փաստը բազմիցս քննարկվել է, եւ վերջնական պատասխան ստանալու համար գերեզմանից հանել են ճարտարապետի գանգը. "Գանգը կլոր ձեւ ուներ, եւ սա, ըստ մասնագետների, ապացուցում էր, որ ճարտարապետը թուրք է: Որոշ ժամանակ հետո, սակայն, գանգը կորավ":
Նա ներկայացրեց տարբեր թվականներին Թուրքիայի մարդահամարների արդյունքները. "Մինչեւ 1915թ.` 1 500 000 հայ, 1927 թ.` 100 000 հայ, 1965թ.` 80 000 հայ, 2008 թ` ըստ սեփական ենթադրության` Թուրքիայում բնակվում է 60 000 հայ":
Օսման Քյոքերը հավաստիացնում է, որ գրքի համար որեւէ ճնշման չի ենթարկվել:
Հետքի խնդրանքով լրագրողը ներկայացրեց իր վերաբերմունքը վերջերս թուրք մտավորականների կողմից ստորագրված "Մենք ճանաչում ենք ցեղասպանությունը" վերնագրով նամակ-ուղերձի առիթով. "Սա ներողություն խնդրելու փորձ է, բայց նրանք ներողություն են խնդրում ոչ իրենց արածի համար, կարեւորում եմ այս ակցիան եւ ես էլ առաջին ստորագրողներից եմ":
Օսման Քյոքերը տեղեկացրեց, որ այս նախաձեռնության համար դեռեւս քրեական գործ չի հարուցվել, բայց արդեն սկսվել են տարբեր շրջանակների կողմից ճնշումները, քննադատությունը, այդ ամենը նսեմացնելու փորձեր են արվում, հատկապես ազգայնամոլական շրջանակների կողմից. "Պաշտոնապես Ազգայնական շարժում կուսակցության նախագահը հայտարարեց, որ այդ նախաձեռնությունը մեր հայրերին, պապերին ստորացնելու փորձ է":
Գրքի հեղինակը ավելի կարեւորում է երկու հասարակությունների միջեւ երկխոսությունը, այլ ոչ թե սահմանի բացումը. "Եթե մշակութային երկխոսությունը, որը ակտիվացել է վերջերս, նպաստի սահմանների բացմանը, ապա լավ կլինի, սակայն դա այնքան էլ կարեւոր չէ: Դիվանագիտության մեջ էլ տերմինաբանության փոփոխություն է նկատվում` մշակութային դիվանագիտություն հասկացությունն է առաջ գալիս, եւ զարկ է տրվում համատեղ գործունեությանը այս ոլորտում":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել