HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Զոհրաբյան. «Ինձ համար հասկանալի չէ ԴԱՀԿ ծառայության այս հապճեպությունը»

ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «ԴԱՀԿ ծառայությունը նշված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու մասին որոշումը փորձել է հանձնել Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի հիմնադիր Սարիբեկ Սուքիասյանին եւ ընկերության շահերը ներկայացնող լիազորված անձ Արա Զոհրաբյանին: Սակայն նրանք, ծանոթանալով որոշմանը, բացահայտորեն հրաժարվել են այն ստանալուց, որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն: Բացի այդ պատվիրված նամակով որոշումը ուղարկվել է կողմերին` հիմնադիրներին, ընկերության տնօրենին եւ լիազորված անձին»: Նույն հաղորդագրության մեջ նշվել է, որ «ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ԴԱՀԿ ծառայությունը խախտել է Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 30-րդ հոդվածի պահանջները եւ կողմերը պետք է ծանուցվեին աճուրդի մեկնարկի մասին դրանից 24 օր արաջ, ապա պարզաբանվում է, որ Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն ներկայացվել է ոչ թե հարկադիր աճուրդի, այլ հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում են 35.1-35.4 հոդվածներով: Համաձայն դրանց, հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին եւ պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն 10 օր առաջ: Օրենքի նշված նորմը կատարվել է»: Հերքելով ԴԱՀԿ ծառայության վերոհիշյալ հաղորդագրության մեջ բերված փաստարկները, հայտնում եմ հետևյալը. ԴԱՀԿ ծառայությունը փաստորեն փորձել է համոզել հանրությանը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում չպետք է կիրառվեն Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթները, և իրենք ղեկավարվել են նույն օրենքի 35.1-35.4 հոդվածներով ` Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը, Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը, Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը և Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները: Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը (Լոտի գնահատումը) կարգավորում է լոտի գնահատման և լոտի մեկնարկային գնի սահմանման հետ կապված հարաբերությունները: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման (որն ստացել եմ 10.12.2008թ-ին) մեջ գնահատման գինը նշվել է 6.579.791.019 դրամ, իսկ մեկնարկային գինը` 4.934.843.265 դրամ, այսինքն` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Այստեղից հստակ երևում է, որ ԴԱՀԿ ծառայությունը ղեկավարվել է նաև Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, քանի որ միայն այն հոդվածն է կարգավորվում լոտի գնահատման և մեկնարկային գին սահմանելու հարցերը: Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներից որևէ մեկում չեն կարգավորվում վերը նշված հարցերը: Այս պայմաններում, ԴԱՀԿ ծառայությունը պետք է կիրառեր նաև Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդված 3-րդ մասի պահանջն առ այն, որ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: ... Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Ինչպես տեսնում ենք, ԴԱՀԿ ծառայությունը նախքան գույքը աճուրդի ներկայացնելը պարտավոր էր աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պատշաճ ծանուցել Ընկերությանը և սպասելով 14 օր, նոր ներկայացներ աճուրդի: Այս նորմը կոպիտ կերպով խախտվել է ԴԱՀԿ ծառայության կողմից: Բացի այդ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը 10.12.2008թ. ստացված լինելու փաստի ուժով, արդեն խախտվել է նույն օրենքի 35.1 հոդվածով երաշխավորված առնվազն տասն օր առաջ ծանուված լինելու պարտապանի իրավունքը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որն Ընկերությունն առ այսօր տեղյակ չէ, թե իր որ գույքն է ներկայացվել գնահատման, որ գույքն է գնահատվել և ինչ մեթոդով: Իմ տեղեկությամբ Ընկերությունն ունի միջազգային ճանաչում ունեցող կազմակերպության գնահատում (որը մի քանի անգամ տարբերվում է (ավել է) ԴԱՀԿ-ի հայտարարած թվից): Ինչ վերաբերում է ԴԱՀԿ ծառայության կողմից Սարիբեկ Սուքիասյանին և փաստաբան Արա Զոհրաբյանին ծանուցելու փորձի հայտարարությանը, ապա գտնում եմ, որ այս խոստովանությամբ ԴԱՀԿ ծառայությունն ընդունել է կատարողական գործընթացի ոչ օրինական կազմակերպելու փաստը: Ընկերության բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանը չի հանդիսանում կատարողական վարույթով կողմ, հետևաբար հարկադիր կատարողը կամ որևէ մեկը իրավասու չէ վարույթի կողմ չհանդիսացող քաղաքացուն որևէ փաթեթ հանձնել: Ինձ համար հասկանալի չէ ԴԱՀԿ ծառայության այս հապճեպությունը: Չէ, որ Ընկերության գույքի ցանկացած գնորդ հետագայում կարող է լուրջ խնդիրներ ունենալ, եթե ձեռք բերի գույքը, իր գումարներն ուղղի պետական բյուջե, իսկ հետո, աճուրդը` վերոհիշյալ կոպիտ խախտումների հիմքով, ճանաչվի անվավեր: Այն էլ այն պայմաններում, երբ Ընկերության վճռաբեկ բողոքը դեռևս քննության չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Իսկ ես լիազորված չեմ Ընկերության գտնվելու վայրը չհանդիսացող վայրում, մասնավոր զրույցի ժամանակ, քաղաքացիական հագուստով ինձ անծանոթ անձից վերցնել որևէ բնույթի փաթեթ: Արա Զոհրաբյան Փաստաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter