Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունի 197 քաղաքացի
2009 թ. հունվարի 1-ից Ղարաբաղում 20 տոկոսով կբարձրանա նաեւ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվող ամենամսյա դրամական օգնության չափը: Ինչպես մեզ տեղեկացրեցին ԼՂՀ սոցապահովության նախարարությունից, ներկայիս 6000 դրամի փոխարեն նշված անձինք կստանան 7200 դրամ:
Բռնադատվածների մասին ԼՂՀ օրենքի համաձայն՝ բռնադատված է համարվում ԼՂՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում /սկսած 1921թ. հուլիսի 5-ից/ նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական շարժառիթներով դատապարտվել է, քրեական պատասխանատվության է ենթարկվել, անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, արտաքսվել կամ աքսորվել է: Բռնադատված է համարվում նաեւ այն քաղաքացին, որը սկսած 1988թ. փետրվարից՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության դատական իշխանությունների կողմից կամ հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ:
ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանի հավաստմամբ՝ ներկայումս Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունի 197 քաղաքացի, իսկ մեկ հոգու դիմում էլ քննարկման մեջ է: 20 քաղաքացիներ ունեն բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել