Թուրքիան ուզում է արբիտրի դեր ստանձնել հայ-թուրքական և հայ-վրացական հարաբերություններում
Այսօր Վիկտոր Դալլաքյանը մի շարք դիտարկումներ արեց վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ: Նա դրական է գնահատում Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, այն առումով, որ ցանկացած պետություն իր հարևանների հետ պետք է ունենա բնականոն փոխհարաբերություններ:
Ըստ Դալլաքյանի` Թուրքիան, խախտելով միջազգայնորեն ընդունված նորմերը, Հաայստանը պահում է շրջափակման մեջ և նրա հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում Լեռնային Ղարաբաղի խնդրի ոչ հայանպաստ լուծմամբ. «Սա միջազգային իրավունքում անընդունելի երևույթ է, երբ մի պետություն իր հարաբերությունը մեկ այլ պետության հետ պայմանավորում է 3-րդ պետությանը վերաբերող փոխհարաբերություններով:
Ըստ պատգամավորի՝ Թուրքիան ուզում է շարունակել այն փորձը, երբ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Ռուսաստանի կողմից Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին Թուրքիայի երաշխավորությամբ:
Վ. Դալլաքյանի համար անընդունելի է ցեղասպանության հարցի ցանկացած քննարկում, քանի որ «կան պատմական փաստեր, և աշխարհի 20-25 պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը»:
Ըստ Դալլաքյանի՝ հայկական կողմը նաև շատ զգույշ պետք է մոտենա Թուրքիայի կողմից առաջ քաշված կովկասյան պլատֆորմ ստեղծելու գաղափարին: Պատգամավորը հիշեցնում է, որ այդ պլատֆորմի մեջ Թուրքիան, Հայաստանը չհաշված, առաջարկել է մտնել այնպիսի տարածաշրջանային պետությունների` Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, որոնց հետ, մեծ հաշվով, ինքը լուրջ պրոբլեմներ չունի: Իսկ քանի որ Հայաստանը ունի պրոբլեմներ և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի հետ, հետևաբար, Թուրքիան այս կերպ փորձում է իր վրա վերցնել արբիտրի դերը հայ-վրացական և հայ-թուրքական հարաբերություններում և ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: «Թուրքիայի ծրագիրը՝ պլատֆորմի հետ կապված, հեռահար է և Հայաստանի համար վտանգավոր»: Դալլաքյանի խոսքերով՝ Հայաստանը իրավունք չուներ ողջունել պլատֆորմի ստեղծումը, առավել ևս, որ ծանոթ չէ փաստաթղթին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել