«Հայաստանը այսօր կարող է ենթարկվել միակողմանի հակազդեցության իր բոլոր հարևանների կողմից»
Մինչ Վրաստանի «Ազային քրիստոնեական շարժման» առաջնորդները Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր ակցիա էին անցկացնում, Հայաստանում նրանց գործընկեր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Հայացք» ակումբում մամուլի ասուլիսի էր մասնակցում: Ի դեպ, Խոսրով Հարությունյանը ասաց, որ այդ ակցիան անպայման պետք է համաձայնեցնեին իրենց հետ, քանի որ նրանք էլ նույն կառույցի` Քրիստոնեական ալյանսի անդամներ են: Խոսրով Հարությունյանը խոստովանեց, որ այսօր փորձել է կապվել իր վրացի գործընկերների հետ և պարզել նրանց կազմակերպած ակցիայի նպատակը: Սակայն չի կարողացել:
Չցանկանալով հեռուն գնացող եզրակացություններ անել` Խոսրով Հարությունը նշեց, որ վրացական քաղաքական շրջանակները, փորձելով օգտագործել նաև Ուղղաառ եկեղեցու հնարավորությունները, ուզում են ստեղծել Ջավախքին հակակշիռ մի բան:
«Հենց այն, որ նրանք ստեղծել են Տաշիրի վրաց հոգևոր առաջնորդարան` չունենալով ոչ մի եկեղեցի, ինքնին արդեն ինչ-որ բանի մասին խոսում է»: Խոսրով Հարությունյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ հարցը պետք է հանգիստ ձևով լուծվի. «Եթե խնդիրներ ունեք, եկեք դրեք, միասին քննարկենք, տեսնենք, թե Տաշիրի շրջանում կա՞, արդյոք, հայկական եկեղեցի: Մենք պետք է այնպիսի փաստերով հանդես գանք, որ նրանց փաստերը մերկացվեն»,-նշեց բանախոսը:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը գտնում է, որ վրացիները հանիրավի խնդիրներ են ստեղծում, դրանով իսկ խոչընդոտում հայերի լիարժեք ինտեգրացիային վրացական քաղաքացիական հասարակություն: Ըստ նրա` վրացիները դրանով ուղղակի վանում են հայերին, որը իրենց համար էլ օգտակար չէ և ոչ մի հեռանկար չունի: Ավելին, վրացական իշխանությունները հստակ կամք պետք է դրսևորեն այդ նախաձեռնությունների դեմն առնելու և լուծումներ տալու համար: «Սրանք քաղաքական խնդիրներ են, թեպետ ներկայացվում են Ուղղափառ եկեղեցու ներքո եղած խնդիրներ»,-համոզված է Խոսրով Հարությունյանը:
Պատասխանելով Հետքի հարցին, թե եկեղեցիների հետ կապված վերջին զարգացումներից հետո ինչպիսի զարգացում պետք է ուենան հայ-վրացական հարաբերությունները, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մենք պետք է հասնենք նրան, որ այդ հարաբերությունները պետք լինեն ոչ թե միայն մեզ, այլ նաև իրենց, որը հեշտ խնդիր չէ: Այն լուծելու համար պետք է հասկանալ կայունության պակտի առանցքը: Մեր պատկերացմամբ՝ կայունության պակտի առանցքը պետք է լինի տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային այնպիսի փոխկապակցված հարաբերությունների կծիկ, որ եթե կպնես այդ կծիկից որևիցե մեկին, այդ կծիկում շարժես բոլորին»:
Այս հարցում բանախոսը կարևորեց տարածաշրջանի մասնագիտացման ոլորտների զարգացումը` օրինակ բերելով այն, որ եթե Հայաստանը կարողանա Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառել թեկուզ 10 դրամով, այսինքն` այնքան էժան, որ վրացիները սեփական էներգետիկ կարողությունները ստեղծելու փոխարեն օգտվեն հայկական էներգետիկ հնարավորություններից, նրանց հարաբերությունները Հայաստանի հետ շատ հետաքրքիր ու հաջողված կլինեին:
Նույնը կարող էր վերաբերել Հայաստանի տարածքից քաղցրահամ ջրերի արտահանմանը, քանի որ տարածաշրջանում քաղցրահամ ջրերի շտեմարանը Հայաստանն է: «Մենք կարող ենք փորձել այդ հանգամանքը դարձնել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման աղբյուր, քանի որ Հայաստանը այսօր կարող է ենթարկվել միակողմանի հակազդեցության իր բոլոր հարևանների կողմից: Հայաստանը նրանց հակազդելու որևէ հնարավորություն չունի»,-համոզված է Խոսրով Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել