Գազամատակարարումը դադարեցնելու հետեւանքով հնարավոր է Սյունիքում ընդհատվեն ուսումնական պարապմունքները
Հայաստանի ողջ տարածքում գազատար խողովակների նորոգման աշխատանքներ իրականացնող «Տրանսգազ» ՍՊԸ-ն դեկտեմբերի 10-ին հեռախոսագիր է ուղարկել «Հայռուսագարդ»-ի Սյունիքի ԳԳՄ ընկերությանը, որ մայրուղային գազատարների ներմիացման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 12-ի ժամը 7-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 19-ը դադարեցվելու է Սյունիքի մարզի բոլոր գազաբաշխիչ կայաններից սնվող գազասպառողների գազամատակարարումը:
Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանի հավաստմամբ՝ բոլոր սպառողները արդեն իրազեկվել են այդ մասին: «Լաբորատոր ուսումնասիրություն է կատարվել Արարատ-Սյունիք մայր գազատարի վրա, ու առաջիկա 5 օրերին վերացվելու են թերությունները, չէ՞ որ արդեն ձմեռ է»,- ասաց Ա. Խաչատրյանը` հերքելով Սյունիքում տարածված այն տեղեկատվությունը, թե ձմեռը գազ չի լինելու մարզում:
«Ավելին ասեմ, եթե անհրաժեշտություն լինի, Սյունիքը կարող է օգտվել Իրան-Հայաստան այլընտրանքային գազատարից, բայց ավելորդ խուճապի կարիք չկա, ուղղակի պրոֆիլակտիկ աշխատանքներ են»,- հավաստիացրեց տնօրենը:
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչությունում էլ քննարկում են գազով ջեռուցվող կրթարաններում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտությունը: Վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը «ՀԵՏՔ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց, որ, ամենայն հավանականությամբ, 1-2 օրով հնարավոր է ընդհատել դասերը, բայց դեկտեմբերի 12-ին հաստատ դպրոցները աշխատելու են: «Գազամատակարարումը դադարեցվելու է ուրբաթ` ժամը 7-ին, այսինքն՝ ջեռուցման համակարգը ի վիճակի կլինի մինչեւ կեսօր պահպանել նորմալ տաքություն»,- ավելացրեց Լ. Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել