Վ. Դալլաքյանը իշխանության վստահության պրոբլեմը լուծելու 5 քայլ է մատնանշում
«Մարտի 1-2 իրադարձությունները, ինչպես նաև ներքաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում պարբերական է դարձել իշխանության վստահության պրոբլեմը»,-այսօր Մամուլի ազգային ակումբում, ընհանուր ձևով ամփոփելով անցողիկ տարին, այսպիսի գնահատական տվեց Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ըստ պատգամավորի` այս խնդիրը լուծելու համար ներկայիս իշխանությունները պետք է կատարեն 5 քայլ: Նախ` պետք է բացահայտել մարտի 1-2-ի իրադարձությունների կազմակերպիչներին և իրականացնողներին և պատժել նրանց, հաջորդ քայլը պատգամավորը համարում է լայն համաներման իրականացումը: 3-րդ կարևորագույն հարցը Վ. Դալլաքյանը համարում է ժողովրդավարությանը ուղղված իրական ժողովրդավարական քայլեր կատարելը, իսկ իշխանությունը ժողովրդի մոտ իր վստահությունը վերականգնելու համար պետք է ազատվի նախկին իշխանությունների թողած բացասական ժառանգությունից: Վ Դալլաքյանի համոզմամբ` այսօր Հայաստանում առկա է տնտեսական կլանայնություն, որը վերածվում է քաղաքական կլանայնության, դրա համար առաջնահերթ քայլերի շարքում նա անդրադարձավ նաև իրական տնտեսական մրցակցության ստեղծելու անհրաժեշտությանը` ընդգծելով, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները չպետք է քաղաքական հալածանքների ենթարկվեն:
Ըստ Վիկտոր Դալլաքյանի` իշխանությունը այլընտրանք չունի և պետք է գնա իր մատնանշած ճանապարհով: Պատգամավորը ցավով նկատում է, որ «այն նորմերն ու մոտեցումները, որոնք քաղաքակիրթ աշխարհում ընդունված են հայ քաղաքական իրականության մեջ, դրանց ի կատար ածման համար պետք է քաղաքական կամք» :
Այն հարցին, թե ինչ նկատի ունի Վ. Դալլաքյանը "բացասական ժառանգություն" ասելով, պատգամավորն ասաց, որ խոսքը կադրային քաղաքականության և տոտալիտար մեթոդների կիրառման մասին է, ինչպես նաև այն, որ հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք է «Լեռնային Ղարաբաղը դուրս մղվել բանակցային գործընթացից, և Հայաստանը մի շարք փաստաթղթերով համարվել է ագրեսոր”: Վ. Դալաքյանը համոզված է, որ երեք նախագահների ամենամեծ սխալն էլ եկել է սխալ կադրային քաղաքականությունից: Ըստ նրա` արդեն 20 տարի է Հայաստանում իշխում են «Ղարաբաղ կոմիտեի» և Ստեփանակերտում ձևավորված «Կռունկ» կոմիտեի անդամները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել