HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սայաթ-Նովա» երգչախմբի և «Քարդեշ Թուրքյուլեր» համույթի համերգը Երևանում

Վաղը ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Ստամբուլի «Սայաթ-Նովա» և «Քարդեշ Թուրքյուլեր» համույթների համերգը: Դեկտեմբերի 13-ին նշված համույթները ելույթ կունենան Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակութային պալատում: Երևանում «Սայաթ-Նովա» երգչախումբը և «Քարդեշ Թուրքյուլեր» համույթը կներկայացնեն թուրքական, հայկական, քրդական, վրացական, արաբական, գնչուական երաժշտական համարներ`կատարելով այնպիսի հանրահայտ երգեր, ինչպեսիք են` «Ո~վ Հայոց աշխարհ», «Կռունկ», «Բինգյոլ», «Յա հավա», «Քամանչա», «Մեդեթ», «Կիլիկիա», «Էլա-էլա», «Դեմե» և այլ: Սույն ելույթը Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության շնորհիվ: «Քարդեշ Թուրքյուլերը» ստեղծվել է 1993 թ. որպես Բողազիչի համալսարանի ժողովրդական արվեստի ակումբ, որի նպատակն էր ներկայացնել Թուրքիայում բնակվող ժողովուրդների երաժշտական ժառանգությունը ` իրենց ազգային լեզուներով: Ի սկզբանե նրանք կատարում էին թուրքական, քրդական, ադրբեջանական և հայկական երգեր: Այնուհետև «Քարդեշ Թուրքյուլերի» երգացանկը ընդլայնվեց՝ ներառելով այլ մշակույթների, ինչպես օրինակ՝ լազական, վրացական, չերքեզական, գնչուական, մակեդոնական և ալևիական երգերը: «Քարդեշ Թուրքյուլերի» վերջին «Գարուն» ձայնասկավառակը թողարկվել է 2005 թ.: «Քարդեշ Թուրքյուլերի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.kardesturkuler.com կայքը: «Սայաթ-Նովա» երգչախումբը ստեղծվել է 1971 թ. ապրիլի 24-ին` Ստամբուլի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հովանու ներքո: Որպես երգչախումբ հանդես գալուց զատ, խումբը նաև ուսումնասիրում և մեկնաբանում է հայկական ժողովրդական երաժշտությունը: 1992 թ. «Սայաթ-Նովա» երգչախումբը կազմել է իր նվագախումբը, որն այժմ ունի 60-ից ավելի մշտական անդամ: 2004 թ.-ից երգչախումբը ղեկավարում է «Սայաթ-Նովա» երգչախմբի մանկական և դեռահասների խմբի նախկին երգիչ Մելիքջան Զամանը: «Սայաթ-Նովա» երգչախմբի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.sayatnova.org կայքը: «Սա յուրահատուկ համերգ է յուրահատուկ համույթի կարատրմամբ: Թուրքիայի էթնիկ ժողովրդական երաժշտության բնագավառում փորձեր կատարող, կամավորական հիմունքներով ստեղծված ուսանողական համույթը, դարձել է ազգագրական երաժշտության և պարի առաջատար կատարողներից մեկը ոչ միայն Թուրքիայում, այլ նաև դրա սամաններից դուրս: Հայ հանդիսատեսին համերգը հնարավորություն կընձեռի ունկնդրել Թուրքիայում բնակվող բազմաթիվ էթնիկ փոքրամասնությունների երաժշտությունը և կհարստացնի հայաստանցիների գիտելիքները ներկայիս Թուրքիայի մասին: Մենք հավատացած ենք, որ երկու երկրներում բնակվող բազում ազգերի միջև երկխոսությունը կնպաստի այս երկու երկրների միջև ընթացող պաշտոնական և ոչ պաշտոնական երկխոսությանը», - նշում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը (երկու համույթների համագործակցության մասին մանրամասն տես` http://www.hetq.am/arm/culture/8356/):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter