«Մարդու իրավունքները դեռևս գիտակցված անհրաժեշտություն չեն»,- ասաց վարչապետը
«Մարդու իրավունքները կարևորագույն արժեք են այսօրվա հասարակության մեջ, այստեղ չկա բանավեճ, այլ կա կոնսենսուս, խնդիրն այն է` արդյոք մենք կարողանում ենք ստեղծել միջավայր, որ այդ համընդհանուր ազատությունները կարողանան իրացվել»,- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
Համաձայնելով Մարդու իրավունքների պաշտպանի հնչեցրած գնահատականների հետ` վարչապետը նշեց, որ Հայաստանում այսօր մարդու իրավունքները դեռևս գիտակցված անհրաժեշտություն չեն: Ըստ նրա` դա լուրջ խնդիր է, քանի որ հասարակության մեծամասնության համար մարդու իրավունքները զուտ բառակապակցություն են, որի իմաստը նրանք չեն հասկանում. «Բայց դա այդ մարդկանց պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է, քանի որ մենք այդ մարդկանց պետք է հնարավորություն տանք մտորելու, կրթվելու և ձեռք բերելու այնպիսի մտածողություն, որը հարիր է ազատությանը»:
Վարչապետի համոզմամբ` անկիրթ մարդը չի կարող գիտակցել ազատությունների անհրաժեշտությունը, իսկ առանց նման մարդկանց հնարավոր չէ կառուցել բարգավաճող երկիր: Դրա համար էլ, ըստ Տիգրան Սարգսյանի, կառավարության ծրագրում մի նոր դոկտրին է առաջ քաշվել, որտեղ ցույց է տրվում, թե ինչպիսին պետք է լինի մարդկության զարգացման ուղենիշը. «Եթե մենք գիտակցում ենք, թե ինչ հասարակություն ենք ուզում կառուցել, ապա կկարողանանք այդպիսի հասարակություն կառուցել»:
Վերջում Տիգրան Սարգսյանը խոստացավ կառուցել այնպիսի հասարակություն, որ հայերը կարողանան արժանավայել տեղ զբաղեցնել քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել