Արմեն Հարությունյան. «Ազատությունը ապահովված է միայն զսպիչների և հակակշիռների համակարգի գործելու դեպքում»
«Հռչակագրի ընդունումը տեղի ունեցավ մինչ այժմ պատմության մեջ տեղ չգտած կոնսենսուսի շնորհիվ, որին հաջողվեց հասնել ծայրահեղ քաղաքական լարվածության և կոնֆլիկտների պահին»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը ներկա էր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբեր հասարակական, քաղաքական և իրավական գործիչներ:
Ըստ պաշտպանի` հենց հռչակագրով տեղի ունեցավ մարդու իրավունքների ժամանակակից ընկալումների ամրագրումը: Մոտ 360 լեզվով թարգմանված հռչակագիրը, Ա. Հարությույանի համոզմամբ, կարողացավ պահպանել տասնամյակներ շարունակ մարդու հիմնարար և համընդհանուր իրավունքների և ազատությունների իր չափորոշիչները: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ քաղաքական և քաղաքացիական, սոցիալական, մշակութային և տնտեսական իրավունքների մասին կոնվենցիաները հիմնված են հենց այս փաստաթղթի վրա, հռչկագրի դրույթները արտահայտվել են նաև տարբեր երկրների սահմանադրություններում և ներպետական օրենսդրություններում:
«Հետխորհրդային հասարակությունները, ինչպես և Հայաստանը, այսօր հայտնվել են կոշտ երկընտրանքի առջև. կամ գտնել պետական սահմանափակ իշխանության սկզբունքի հետ անձի անհատական ազատության, ակտիվության և նախաձեռնության փոխազդեցության մոդել, կամ գնալ ուժեղ իշխանության` ավտորիտար մոդելի ճանապարհով և դրա հետ ժողովրդի օտարման»,- կարծում է Ա. Հարությունյանը: Ըստ նրա` առայժմ քիչ չեն սեփական կորպորատիվ շահերից ելնելով իշխանության նոմենկլատորային բյուրոկրատիայի օգտագործման դեպքերը, ինչը հետզհետե ավելի է օտարում հասարակությանը իշխանությունից` չծառայելով երաշխիք անհատների քաղաքացիական անձեռնմխելիության համար:
Արմեն Հարությունյանի համոզմամբ`հիմնական խնդիրը, որ չսովորեցին նախկին խորհրդային երկրները, այն էր, որ հասարակության կայունությունը պետք է ապահովել իշխանության համակարգի զսպիչների և հակակշիռների համակարգի միջոցով, քանի որ միայն այդ դեպքում երաշխավորված կլինեն մարդու իրավունքներն ու ազատությունները: Սակայն, ըստ պաշտպանի, մինչ օրս կայունությունը այդ երկրներում ապահովվում է իշխանական համակարգում կառույցներից մեկին գերակշռություն տալու սկզբունքով:
Ավարտելով իր խոսքը` Արմեն Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին`որպես լիբերալ գաղափարների կրողի, նվիրեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի հրատարակած վարպետի գործերի գեղադիտակը, քանի որ նա համարվում էր ազատության վարպետը ամենաանազատ երկրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել