HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է ծախսել ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ` խորհուրդը հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 10-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 10-րդ հայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (հունվար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 6 մլն 811.305 հազար ԱՄՆ դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 7 մլն 109.153 ԱՄՆ դոլար: Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի` ծախսերը կուղղվեն «Գյուղական ճանապարհների վերականգնում», «Ոռոգվող գյուղատնտեսություն», «Մոնիտորինգ եւ գնահատում», «Ծրագրի կառավարում եւ վերահսկում» բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ ընթացիկ կանխատեսման տվյալների համաձայն` «Գյուղական ճանապարհների վերականգնում» բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669.871 հազար (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 081.321 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ «Գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի» շրջանակներում Հայաստանի հարավ-արեւմտյան շրջանում 24.5 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, միաժամանակ սկսվել եւ ընթացքի մեջ են առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհաշինարարական պայմանագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով նախատեսվում է 273 կմ ճանապարհահատվածի վերանորոգում` 60.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ավարտվել են 4 գյուղական համայնքներում իրականացվող երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշվել է, որ մինչեւ 2008թ. տարեվերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի եւ 18 պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի սկիզբը նախատեսված է 2009թ.: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի մաս կազմող Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում մինչ օրս ուսուցանվել են ավելի քան 18 հազար ծրագրի շահառուներ: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է 128 փորձացուցադրական տնտեսություն, ինչպես նաեւ բաշխվել է ավելի քան 130 գյուղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար: Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter