Օմբուդսմենի աշխատակազմին անձեռնմխելիությունից զրկելը ճնշման ձեւ է
Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 10-ը որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր կարևորեց նաեւ այն առումով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուտով կդառնա 5 տարեկան: Ըստ նրա` Լ. Ալավերդյանի պաշտպանի ինստիտուտը գտնվում է դինամիկ զարգացման փուլում, սակայն այն, որ բանավոր դիմումները ավելի շատ են, քան գրավորները, նշանակում է, որ հասարակության ներսում դեռ կա որոշակի վախ, որ դիմումը կստանա բացասական պատասխան: Դրա համար էլ, ըստ նրա, պետք է է՛լ ավելի խորացնել հասարակության կողմից տրված վստահության քվեն:
Պատասխանելով Հետքի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանությունների՝ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի անդամներին անձեռնմխելիությունից զրկելու ցանկությանը, Լ. Ալավերդյանը դա որակեց որպես «նրանց անկախության դեմ անճոռնի ճնշումների ձև». «Մենք խոսում ենք մի դաշտի մասին, որտեղ անկախությունն ու անձեռնմխելիությունը միակ պաշտպաններն են, քանի որ նրանք չունեն իմպերատիվ նորմի կամ ակտի ընդունման իրավունք, ուժը իրենց բարոյական կերպարն է և անձեռնմխելիությունը»:
Լ. Ալավերդյանը հիշեցնում է, որ իրենք դեռ 2004 թ. ՄԱԿ-ում այնպիսի զեկույցով են հանդես եկել, որ նույն կառույցի հովանու ներքո գործող Օմբուդսմենի միջազգային խորհրդի նախագահը իր իսկ առաջարկությամբ Հայաստանի նոր ձևավորված ինստիտուտն ընդգրկել է այդ խորհրդի մեջ. «Այժմ հետընթաց կատարել մեր օրենսդրական դաշտում՝ նշանակում է ուղղակի դնել այդ խորհրդի մեջ լինել-չլինելու հարցը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել