HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգեհոնային համերգ Գյումրիի Յոթվերք եկեղեցում

Այսօր Գյումրիի ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել հանրահայտ երգեհոնահար, փարիզաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանը` տեղեկացնելով, որ երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ շաբաթ օրը` դեկտեմբերի 13-ին, Գագիկ Մալխասյանի դուդուկի նվագակցությամբ պատրաստվում է մեծ համերգ տալ Գյումրիի Յոթվերք եկեղեցում: Հնչելու են հատվածներ Կոմիտասի աշխարհիկ երգերից, Առնո Բաբաջանյանից և Կուպեռենի հնագույն երաժշտությունից: "1991 թ.-ից ապրում եմ Փարիզում, սովորեցի աշխարհի լավագույն երգեհոնահարների մոտ, բայց ամենից կարևորը Մարի Կլեռանեի մոտ էր, ով հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիրն է, և համերգային գործունեությունս սկսեցի այնտեղ: Չվերադարձա Հայաստան, ոչ թե որ չէի ուզում վերադառնալ, այլ այն պատճառով, որ միայն Փարիզի մեջ` արվարձաններից դուրս, 360 երգեհոն կա, այսինքն` ոչ մի երգեհոն մեկը մյուսին նման չէ, ինչպես որ տարբեր են մարդիկ: Երգեհոնը ինձ ավելի շատ սովորեցրեց, քան ես կարող էի տարիներ շարունակ էստեղ սովորել ու չհասնել իմացության նման մակարդակի, ինչպես որ գործիքների հետ շփումը, որը ինձ դարձրեց երաժիշտ: Հիմա մարդիկ սկսել են իրար նմանվել, բոլորը նույն բաների մասին են մտածում, նույն ինֆորմացիան են լսում, նույն երաժշտությունը, նույն ձևով են սնվում, և սա սարսափելի աղետ է, քանի որ մշակութային դեմքը անհատական կարող է լինել: Իսկ Գյումրին էնպիսի դեմք ունի, որ դրսից գալով` զգում ես, որ իտալիցիների ասած`"բարոքքո" քաղաք է, ոչ միատեսակ քարից ձուլված: Լենինականս` Գյումրիս, էդ նույն տեսքը ունի իր ճարտարապետության, մտածողության մեջ, այսինքն` մենք անհավասար, տարօրինակ մտածողության նշաններ ունենք, որը արվեստին հակվածության ճշգրիտ կերպն է: Մենք արվեստասեր ենք: Ես հաճույքով հետ կգայի Հայաստան, սակայն այսօր հետ գալ` նշանակում է մնալ մեկ հատ ֆլենդռոպի հույսին, որը կամերային երաժշտության տանն է, և ինձ համար դժվար է կատարելը, մեկ գործիքի վրա բոլոր երգեհոնահարները միատեղ լինելով` ես գտնում եմ, որ դա բնական վիճակ չէ: Եթե ես գամ Հայաստան, առնվազն երկու գործիք է պետք, որ կարողանամ աշխատել: Ես առանց գործիքի չեմ կարող, դա իմ համար թթվածնի պես բան է: Իսկ սա նշանակում է մնալ երկու երկրների արանքում: Եթե գործիքների հնարավորությունը ստեղծվի, ես շատ սիրով հետ կգամ Հայաստան, գոնե իմ կյանքի վերջին քսան տարին կնվիրեմ հայ երեխաներին կրթելուն",- ասաց Ն. Սիմոնյանը: Երգեհոնահարի վերջին համերգը տասը օր առաջ էր` Կիևում, դարձյալ երկրաշարժի 20-ամյակի առիթով: Երգչուհին իր վերջին չորս ամիսների համերգները նվիրելով Գյումրիին` նպատակ ունի օգնել հարազատ քաղաքին, բարեգործական հիմնադրամ ստեղծել Հայաստանում: Նարինե Սիմոնյանը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի խորհրդական Ժորա Սիմոնյանի դուստրն է, որի ընտանիքը ևս տուժել է երկրաշարժից. Նարինեն կորցրել է իր մինուճար եղբորը: "Ես չեմ կարող հանգստանալ, չգիտեմ` ինչ պետք է անեմ, որ էս 20-ամյակին իմ հոգևոր պարտքը կատարեմ, անկախ ամեն ինչից` Փարիզում, թե որտեղ, մենք բոլորս ներքին պարտք ունենք մեր քաղաքի նկատմամբ, և պարտքի առաջին կետն այն է, որ մենք կենդանի ենք մնացել",- ասում է Նարինե Սիմոնյանը: Ի դեպ, Գյումրիի Յոթվերք եկեղեցու երգեհոնը վերանորոգվել է վերջերս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter