HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխանությունների կողմից ակտիվ դիմադրություն կա մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասում է Հայաստանի առաջին օմբուդսմենը

«Մարդու իրավունքների ապահովումը Հայաստանում ամենացավոտ հարցն է, և վիճակը մնում է վերին աստիճանի անհանգստացնող»,- հայտարարեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր «Ուրբաթ» ակումբում մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` պետության առաջին խնդիրը մարդու իրավունքների ապահովումն ու խրախուսումն է, սակայն հենց պետության անգործության և թողտվության արդյունքում է, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները: Դրա գագաթնակետը, նախկին պաշտպանի կարծիքով, մարտի 1-ի իրադարձություններն էին, երբ տեղի ունեցան աննախադեպ զանգվածային իրավախախտումներ: Ըստ տիկին Ալավերդյանի՝ այս ամենի պատասխանատուն առաջին հերթին նախագահն է, քանի որ սահմանադրության մեջ էլ արձանագրված է, որ մարդու իրավունքների երաշխավորը երկրի նախագահն է. «Մարտի մեկի իրադարձությունների բացահայտումը հասարակական և քաղաքացիական նշանակություն ունի, ոչ թե քաղաքական»: Միաժամանակ, Լ. Ալավերդյանը դրական միտում է արձանագրում այն առումով, որ տարեցտարի հասարակության մեջ մեծանում է իրենց իրավունքների պահանջատիրությամբ հանդես գալու անհրաժեշտությունը. «Ահա այս հակասությունն է, որ հետզհետե դառնում է սոցիալական և քաղաքական կոնֆլիկտների պատճառ»: Հետքի այն հարցին, որ թե ո՞րնէ պատճառը, որ չնայած մարտի 1-ի տեղի ունեցած զանգվածային իրավախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանի անցյալ տարվա տարեկան զեկույցում արձանագրված խնդիրները քիչ են տարբերվում ներկայումս բարձրաձայնվող իրավախախտումներից, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Մենք չենք կարողանում փոխել երևույթը, քանի որ կա ակտիվ դիմադրություն իշխանությունների կողմից մարդու իրավուքների պաշտպանությանը»: Լ. Ալավերդյանը մնում է այն համոզման, որ այսօր հասարակությունը շատ ավելի պրոիրավական, ավելի պրոժողովրդավարական և պրոսոցիալական է, քան իշխանությունները, և հասարակության համար իշխանության հետ համագործակցությունը թիվ մեկ խնդիրն է: Այս առումով, ըստ Լարիսա Ալավերդյանի, կարևոր է հասնել նրան, որ քաղաքացին իր իրավունքների համար իր կողմից ընտրված իշխանութուններին դիմի ոչ թե խնդրանքով, այլ պահանջով: Այս ամենով հանդերձ՝ Լ. Ալավերդյանը կարծում է, որ իշխանություններին հասարակության կողմից շանս է տրվել լեգիտիմություն ձեռք բերել իրենց ճիշտ գործողությունների միջոցով, քանի որ «կա լեգիտիմություն ձեռք բերելու երկու ճանապարհ: Առաջինը, նախկին պաշտպանի համոզմամբ, արդար ընտրվելու ճանապարհն է, իսկ երկրորդը՝ իրավական երկիր կառուցելը. «Եթե հասարակությունը մեկ տարի հետո տեսնի, որ քայլեր են ձեռնարկվում իրավական պետություն ձևավորելու, քայլեր են ձեռնարկվում՝ պատժելու հանցագործներին, ստվերային դաշտում գտնվողները բերվում են հարկային դաշտ, ինչքան էլ հեքիաթային թվա, ժողովուրդը կընդունի այդ ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված իշխանություններին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter