Ղարաբաղում 2009-ից կավելանան թոշակները
2009-ի հունվարի 1-ից Ղարաբաղում բազային կենսաթոշակը կկազմի 5800 դրամ` այս տարվա 5000 դրամի դիմաց: Հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 8 հազար դրամ`6800 դրամի դիմաց, իսկ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը 395 դրամից կաճի մինչեւ 450 դրամ:
ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանի տեղեկացմամբ՝ սոցիալական կենսաթոշակի միջին չափի 15,4 տոկոսի եւ ապահովագրական կենսաթոշակի 11,3 տոկոսի աճ կլինի: Սպայական անձնակազմի եւ շարքային զինծառայողի կենսաթոշակների միջին չափերը կաճեն 12,2 եւ 16 տոկոսով: ԼՂՀ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամ զինծառայողներին կվճարվի 9800 դրամ` 7500 դրամի դիմաց: Իսկ Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամ զինծառայողներին` 6800 դրամ` 5700-ի դիմաց:
«Կշարունակվի Արցախյան պատերազմի 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց ձեռքի կառավարման ավտոմեքենաների տրամադրումը»,- նշեց Նարինե Ազատյանը` Ազգային ժողովում 2009թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նվազագույն ամսական աշխատավարձը կկազմի 30 հազար դրամ` 25 հազարի դիմաց: Գործազրկության նպաստը կաճի 20 տոկոսով` կազմելով 18 հազար դրամ, իսկ անմրցունակ անձանց աշխատանքի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը կկազմի 30 հազար դրամ:
Աժ-ում քննարկումների ժամանակ նշվեց նաեւ, որ աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում տարբեր բնագավառներում. կրթության ոլորտում արտադպրոցական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով, իսկ հանրակրթական դպրոցների ուսուցիչներինը` 29.5 տոկոսով: Բժիշկների աշխատավարձերը կբարձրանան 50 տոկոսով, իսկ միջին բուժաշխատողներինը` 20 տոկոսով: 20 տոկոսով կբարձրանան սպորտդպրոցների աշխատողների աշխատավարձերը, իսկ 10 տոկոսով` մշակույթի բնագավառի աշխատողներինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել