HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան հայոց ցեղասպանությունը կճանաչի մոտակա 5-10 տարիներին

Այսօր «Հայելի» ակումբի հյուր` «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը լրագրողներին ասաց, որ ցեղասպանության ճանաչման մասին թուրք մտավորականների` վերջերս հնչեցրած կոչը Ամդուլլահ Գյուլին մեծ արձագանքներ է ստացել Թուրքիայում: Բագրատ Էստուկյանը փաստեց, որ այդ նախաձեռնությունը իրենցն է. «Հայ ժողովրդից ներողություն խնդրելու որոշումը մենք նախաձեռնել ենք մեր անհատական խղճի ձայնով: Մենք պետական գործիչներ չենք, ոչ ոքի չենք պարտադրում մասնակցել դրան, ամեն ոք իր խղճով պիտի առաջնորդվի, բայց ոչ ոք էլ արգելք չպիտի դնի այս նախաձեռնությանը»: Խմբագրի խոսքով` այս նախաձեռնությունը իրենք մտադիր էին հրապարակել 2009 թ. հունվարի մեկին, քանի որ նախատեսել էին հայտարարությունը ներկայացնել շատ թվով մարդկանց ստորագրություններով, որովհետև ստորագրահավաքը դեռևս շարունակվում է, իսկ արդեն հնչած հայտարարության տակ ստորագրել են 4-5 մտավորականներ: Սակայն ստացվել է այնպես, որ այն ավելի շուտ է հնչեղություն ստացել: Մտավորականների հիմնական մասը «Ակոս» թերթին են թղթակցում: Ստորագրահավաքը շարունակվելու է մեկ տարի: Մեկ տարի անց այն կրկին տպագրվելու է «Ակոսում»: Անդրադառնալով թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչման հարցին` բանախոսը նշեց, որ մոտակա 5-10 տարիների ընթացքում Թուրքիան անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա համոզմամբ` Թուրքիան մերձենում է դեպի Եվրամիություն, Հայաստանը որդեգրել է համապատասխան տնտեսական ուղի, քաղաքական խոչընդոտներից պետք է ձերբազատվի, նրանց համար կարևորը շուկայի և դրամագլխի ազատությունն է, այդ պատճառով թուրքերը պիտի փնտրեն հարմար լեզու հայերի հետ բանակցելու համար: «Անշուշտ, այստեղ հողային պահանջները չպետք է շոշափվեն: Ցեղասպանություն ճանաչելը հեշտ չէ, բայց անխուսափելի է, քանի որ այն պատմական ճշմարտություն է: Թուրքերը ստիպված են ընդունել ցեղասպանության փաստը»,- համոզված է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter