Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու համար
«Ակոս» թերթի խմբագրությունը շարունակում է հայհոյանքներ, զգուշացման ու մահվան սպառնալիքներ ստանալ: Այս մասին այսօր «Հայելի» լրագրողական ակումբում ասաց «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Ակոսը» արդեն ունի փաստաբանների սենյակ, որոնք զբաղվում են այդ սպառնալիքներով: Խմբագիրը նշեց, որ որոշ չափով պահպանվում է աշխատակիցների անվտանգությունը, սակայն դրանից ավելի իրենք չեն ուզում ճնշում զգալ, քանի որ անընդհատ մուտքի մոտ ոստիկաններ են: «Հրանտը զենք կրելու իրավունք կարող էր ստանալ, ունենալ թիկնապահ: Հրանտը շատ ազատ, խիզախ ու զգայուն մարդ էր, բայց անընդհատ քո վրա զգալ թիկնապահի շուքը, դա ճնշող է»,- ասում է Բագրատ Էստուկյանը:
Ըստ Բ. Էստուկյանի` Հրանտ Դինքի սպանության գործով դատական պրոցեսը շատ է ձգձգվում, մշտապես դատաքննությունը հետաձգվում է երկար ժամկետներով, թեկուզ ոճրագործը կա, խոստովանել է իր մեղքը, բայց գործը դեռ չի վերջանում: Փաստաբանները փորձում են բոլորին ի հայտ բերել, հայտնաբերել պատվիրատուներին, սակայն դա, ըստ խմբագրի, դժվար ստացվի: «Հրանտ Դինքի սպանությունը ցնցող երևույթ էր Թուրքիայի համար, բոլորը հասկացան, որ Հրանտը սպանվել է Հայ լինելու համար: 301 հոդվածով դատապարտված առաջին մարդն է եղել, ոչ մի մտավորական չի դատվել այդ հոդվածով»,-հաստատում է խմբագիրը:
Հրանտ Դինքի ընտանիքի` վտանգի մեջ լինելու հանգամանքը Բագրատ Էստուկյանը չժխտեց, ավելին, նրա խոսքերով` Հրանտ Դինքի կենդանության օրոք էլ նման վտանգ կար: Հրանտի և նրա կնոջ բարեկամների մեծ մասը Բելգիայում են ապրում, միշտ գնալու գաղափարը կար, սակայն Հրանտը չէր ուզում թողնել այն, ինչ անում էր, նա չէր ուզում թողնել իր սկսած պայքարը. «Հավանաբար, իր ընտանիքն էլ այդ պատճառով չի ուզում մեկնել Բելգիա»,- նշեց խմբագիրը` հաստատելով, որ Հրանտ Դինքի որդու նկատմամբ նույնպես սպառնալիքներ եղել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել