HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին չգիտի, թե արդարություն գտնելու համար ո՞ւմ դիմի

2011 թ. հուլիսի 7-ին «Հետքի» ինտերնետային կայքում հրապարակված «Քաղաքացին ներկայացնում է ապացույցներ, սակայն քրեական գործ չեն հարուցում» հոդվածին չի արձագանքել ոչ մի պատկան մարմին: Կարելի է եզրակացնել, որ իրականություն է ամուսիններ Վալերիկ Մկրտչյանին ու նրա տիկնոջը` Սիլվա Բալայանին, սեփականության իրավունքով պատկանող գույքն այլ անձանց կողմից յուրացնելը, որի փաստը իրավասու մարմինները փորձում են քողարկել Կապանում գոյություն չունեցող հասցեով իրականացրած նոտարական գործարքներով եւ դրանց հիմքերով կազմված սեփականության իրավունքի վկայականներով` նույնպես գոյություն չունեցող հասցեներով:

Ըստ Ս. Բալայանի` Կապանի քաղաքային համայնքի ղեկավար Արտուր Աթայանը չի արձագանքել նաեւ այլ թերթերի հրապարակումներին, որոնք վերաբերել են քաղաքի հասցեներին ու դրանց շուրջ ստեղծված քաոսին:

«Լռությունն էլ չափորոշիչ է,- ասում է Սիլվա Բալայանն ու հավելում,-արձագանքելու դեպքում պարտադրված կլիներ բացահայտել իսկությունն այն մասին, որ Կապանում Լենինի անունով փողոցն արդեն 20 տարի է` կոչվում է Արամ Մանուկյանի անունով եւ ունի ընդամենը 1-ին նրբանցք, իսկ 3 նրբանցք ունեցող փողոցը Գ. Արզումանյանի անվամբ է կոչվել դեռեւս 1977 թվականից: Այդ փողոցներն առանձին ծածկագրերով, 1999 թ. գործողության մեջ մտած օրենքով, պետական գրանցում ստացած տարբեր ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ են եւ տարբեր կադաստրային տարածքներ: Քաղաքապետը Ա. Մանուկյան փ., 3-րդ նրբ., տ. 33 հասցեով գույքին Գ. Արզումանյան փողոցում նոր հասցե տրամադրելու մասին ավագանու լիազորություններով որոշումը ծառայեցրել է կուսակից եւ մտերիմ պաշտոնյաների, քաղաքապետարանի աշխատակիցների անօրինականությունները քողարկելու համար»:

Կապանի քաղաքապետի որոշած «նոր հասցեն»` Գ. Արզումանյան փ., 3-րդ նրբ., տ. 33, գործում է 1977 թվականից, իսկ 1992 թ.-ից կից հիմնապատով գործում է թ. 33 ա հասցեն: Համայնքում գոյություն չունեցող հասցեով տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն` նույն անգո տարածք է տեղափոխվել Վալերիկ Մկրտչյանի գույքը:

Չգիտես ինչու, համայնքի ղեկավարը նոր հասցե տրամադրելու մասին որոշում չի կայացրել թ. 33ա գույքի համար: Մեկնաբանությունների ենթակա հարցերը բազմաոլորտ են, որոնց քննությամբ, հավանաբար, իրենց թույլ կտան զբաղվել իրավասու մարմինները եւ տալ պատշաճ գնահատական, սակայն նրանք էլ Կապանի պաշտոնյաների գծած սահմաններում են «քննություն» իրականացնում: Ամուսիններն ապշեցուցիչ են որակում այդօրինակ բացահայտ սուտն ու կեղծիքը ու իրավասու մարմինների լռությունը:

Կապանի քաղաքապետի տրամադրած նոր հասցեն` 2010 թ. դեկտեմբերի որոշման հիմքերով, ենթադրվում է, որ պետական գրանցում չի ստացել. լիազոր մարմինը` կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանումը, հասցեափոխությունների վերաբերյալ  ամուսինների 2011 թ. մարտի 2-ի տեղեկատվական հարցումները թողել է անպատասխան, իսկ նույն հարցումներով 2011 թ. մարտի 18-ի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին հասցեագրված դիմումին պատասխանած անհայտ պաշտոնյան վկայակոչել է արդեն նախկին փոխքաղաքապետ Գագիկ Ղահրամանյանի ոչ իրավաչափ գրությունը, որում գրված է, թե իբր Գր. Արզումանյան փողոցն, իրոք, նախկինում կոչվել է Ա. Մանուկյանի անունով:

Ամուսինները բազմիցս դիմել են իրավապահ մարմիններին` նրանց ուշադրությունը սեւեռելով տարբեր պաշտոնյաների կատարած չարաշահումների վրա, սակայն իրավապահներն անտեսել են պետական լիազոր մարմինների տեղեկատվություններում առկա բազմաթիվ հակասությունները, փաստաթղթերում չթույլատրվող, բայց կատարված ջնջումներն ու ավելացումները: Նրանք չեն հարցրել կադաստրի աշխատակիցներին, թե ի՞նչ իրավական հիմքերով է մերժվել ամուսիններին պատկանող Կապան քաղաքի Գ. Արզումանյան փ., 3-րդ նրբ., թ. 33ա գույքի պետական գրանցումը, ո՞ր օրենքի պահանջների կատարումով է 1994 թ. սեփականության իրավունքի վկայագիրը դադարել իրավական փաստաթուղթ համարվել, ինչի հետեւանքով Լենինի եւ Ա. Մանուկյան (Լենինի) փողոցների հասցեներով կնքված նոտարական գործարքներով ամուսինները զրկվել են իրենց գույքային իրավունքներից, ո՞վ է խոչընդոտում գործող հասցեներում գտնվող գույքի օբյեկտների որակական, քանակական, գրաֆիկական եւ իրավազորությունների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը եւ այլն: Ս. Բալայանը գրավոր խնդրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին եւ Սյունիքի մարզի դատախազին` իրեն աջակցել կադաստրի ազատ եւ բաց տեղեկատվությանը տեղում ծանոթանալու համար: Խնդրանքն անտեսվել է:

«Այդ ամենը Կապանի պաշտոնյաները կարծես թե չեն ցանկանում բացահայտել: Նրանց թվում` նաեւ ծառայություն մատուցող ընկերությունների ղեկավարները եւ ԱՎՎ Կապանի բաժանմունքի պետը: Իսկ ՙԿապան՚ նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանը ձեր թերթի միջոցով ասել է, թե որդեգրել եմ վարկաբեկման քաղաքականություն: Կարող էին առիթը բաց չթողնել եւ հրապարակավ հերքել իմ ապացույցները, ինչու՞ չարեցին»,- ասում է Ս. Բալայանը:

Բոլոր պաշտոնյաները ամուսիններին խորհուրդ են տալիս դիմել դատարան, ինչին այս պահին նրանք դեմ են: «Ես ապրում եմ հայաստանյան իրականության մեջ, սպասում եմ դատական համակարգի վստահության վարկանիշի` պետականորեն բարձրացմանը: Նոտարի անհանգստությունը բխում է նրանից, որ ինքն է պաշտոնյաներին ներգրավել ինքնանպատակ գործողությունների մեջ` ստեղծելով թյուր կարծիք, թե երկու եղբայրների խնդիր է, վեճ է ժառանգության համար, այնինչ մեկից գողացել են սեփականությունը, մյուսին` խաբել, թե իբր նրան է տրված եւ հանգուցյալ հոր անվամբ գույքը, եւ եղբորը պատկանող գույքը»,- նշում է Ս. Բալայանը:  

Որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին մայիսի 6-ին հասցեագրված դիմումի պատասխան` Ս. Բալայանը հուլիսի 9-ին փոստային բաժանմունքից ստացել է Սյունիքի մարզի դատախազության նամակը` թվագրված հունիսի 27-ին, որը հանձնված էր առաքման հուլիսի 8-ին, այսինքն` «Հետք»-ում հոդվածի հրապարակման հաջորդ օրը: Ինչպես երեւում է, Սյունիքի մարզի դատախազությունը մտադիր չէր պատասխանել քաղաքացուն, եթե ՀՀ գլխավոր դատախազության 26.05.2011 թ. հանձնարարականի մասին մարզայիններին չհիշեցներ «Հետք» ինտերնետային կայքի 07.07.2011 թ. հոդվածը:

Տարածաշրջանի դատախազ Է. Հովսեփյանից ստացված պատասխանն ընդամենը արտագրություն է գործընկերների նախորդ պատասխաններից, որոնց անբավարար եւ անարդյունավետ լինելն էլ դրդել էր Ս. Բալայանին դիմումներ ուղարկել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: ՀՀ Կառավարությունից ՀՀ գլխավոր դատախազություն, այնտեղից` Սյունիքի մարզի դատախազություն դիմումի անցած ճանապարհը հերթական քաշքշուկն էր: «Բացակայում է հանցակազմը» կրկնված պատասխանը հավաստում է, որ մարզային դատախազությունում ՀՀ Կառավարությունից վերահասցեագրված դիմումն արժանացել է անտարբեր եւ անհետեւողական վերաբերմունքի, հակառակ դեպքում այնտեղ հանցակազմ հաստատ կգտնեին:

Քննչական մարմինները չեն ՙնկատել՚ լիազոր մարմիններ հանդիսացող կադաստրի պետական կոմիտեի եւ Կապանի ստորաբաժանման ու Կապանի համայնքային ղեկավարության` տեղեկատվությունից խուսափելու կամ թյուր տեղեկատվություն տրամադրելու դիտավորությունը: Առայսօր որեւէ պետական մարմնից օրենքների տառից բխող պատասխան ամուսիններին չեն տվել, ամենուրեք խախտված են  իրավաչափության նորմերը: 

Վկայակոչելով գոյություն չունեցող հասցեով տրված նոտարական վկայագրերը եւ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագիրը, նրանցում արտացոլված տվյալների անհամապատասխանությունը գործարքի համար ներկայացրած տեղեկանքներին եւ փաստաթղթերին` Ս. Բալայանը դիմում է հասցեագրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Դրանով քաղաքացին բողոք է հայտնել «Կապան» նոտարական տարածքում իրականացված անօրինական գործողությունների, ԱՆ պատասխանատուների անգործության կապակցությամբ, որի արդյունքում մինչ այժմ անհայտ անձը յուրացրել է սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող անշարժ գույքը: Ուղարկված դիմումում նշված է եղել նաեւ, որ նոտար Վիեննա Հայրապետյանը գործարք է իրականացրել պետական գրանցում չստացած գույքի նկատմամբ, գործարքի համար հիմք է ընդունել ոչ վավեր տեղեկանք, ոստիկանության Կապանի բաժին է ներկայացրել տեղեկանքների պատճեններ, որոնք չեն հավաստում, որ դրանք իսկապես նոտարական գործարքների համար կազմված տեղեկանքների պատճեններ են, բացակայում են նոտարական գործավարության կարգով սահմանված գրառումները: Տեղեկանքում նշված Գ. Արզումանյան փողոցում գտնվող գույքի համար նոտար Վիեննա Հայրապետյանը վկայագրեր է տրամադրել Լենինի փողոցի հասցեով, որի հիմքով կադաստրի ստորաբաժանումը տվել է սեփականության իրավունքի վկայական: Ա. Մանուկյան (Լենինի) փողոցի 3-րդ նրբանցք հասցեի 160 քմ բնակելի մակերեսը եւ 400 քմ հողամասը գրանցվել է համապատասխանաբար 191 քմ եւ 4000 քմ, իսկ նվիրատվության պայմանագրով Վալերիկի մայրը մյուս որդուն նվիրել է իր 3/4 մասնաբաժինը` 235,4 քմ բնակելի մակերեսը եւ 0,4 հա հողամասը: Ս. Բալայանի ասելով` կադաստրի կողմից չգնահատված գույքը գնահատել է նոտարը: Սեփականության իրավունքի վկայականների պատճենների տարբեր օրինակներ հավաստում են, որ Վալերիկի եղբայրը ժառանգություն չի ստացել, դրանից էլ հետեւում է, որ նոտարական գործարքը, որի պատճառաբանությամբ կադաստրի Կապանի ստորաբաժանման պատասխանատուները մերժել են ամուսիններին գրանցել նրանց պատկանող գույքը եւ տալ սեփականության իրավունքի նոր վկայական` 1994 թ. սեփականության իրավունքի վկայագիրը համարելով այլեւս իրավաբանական ուժը կորցրած, շինծու է: 

Այս գործին մասնակցություն են ունեցել նաեւ Կապանի կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները: Նրանք էլ իրացրել են համայնքում գոյություն չունեցող հասցեով սեփականության իրավունքի վկայականը` կատարել են բաժանորդի անվանափոխություն, կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր նոր բաժանորդի հետ իրական հասցեով եւ այլն:

Եվ այս ամենով հանդերձ` իրավապահ մարմինները պնդում են, թե պետական պաշտոնյաների արարքներում հանցակազմ չկա:

Մեկնաբանություններ (3)

Anna
ays amen@ kverjana erb menq bolors miavorvenq u payqarenq mer anardaraci pashtonyaneri dem .
Ն.Բ.
Սիլվա ջան անպայման Աստված կպատժի մեղավորներին ; ձեզ էլ համբերություն, հայերից ամեն ինչ սպասելիա
Մարիամ Սարդարյան
տեսնես երբ կվերջանա այս անարդարությունների շարքը!!!! Հետո էլ ասւմ են ինչու են մեր հայ ժողովուրդը հայենիքը թողնում ու գնում այլ երկրներ: Դե հիմա թող պատասխանատու պաշտոնյաները կարդան հոդվածը ու եթե մինչև հիմա չգիտեին թե ինչու են հեռանւմ , հիմա կիմանան: Սիլվա ու Վալերիկ Հույսներդ մի կտրեք , միգուցե պաշտոնյաների մեջ լավ մարդիկ էլ կգտնվեն ...................................... ու ձեր հարցը կլուծվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter