Վարդան Մալխասյանն ազատության մեջ է
«Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը երկամյա բանտարկությունից հետո այսօր ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
«Ես, փաստորեն, բանտից դուրս եմ եկել բանտ: Պարիսպներով բանտից դուրս եմ եկել առանց պարիսպների բանտ, և սա ասում եմ ցավով, շատ մեծ ցավով, որովհետև ինչ-որ մարդիկ, որ կապ չունեն մեր ժողովրդի ու հավատքի հետ, այս երկիրը դարձրեցին, իրոք, հոգու աղքատության մի բանտ՝ կորսված արժեքների, կորսված արդարության տարածք: Մենք պետք է ժամ առաջ ազատագրենք ինչպես մեր ընկերներին, այնպես էլ հայ ժողովրդին»,- հայտարարեց ազատամարտիկը:
Երկու տարի առաջ նա ազատազրկվել էր սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
«Ես իմ տեսակետն եմ հայտնել եւ շարունակելու եմ հայտնել: Այդ իրավունքն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Ոչ թե իմ կոչերն էին ուղղված սահմանադրական կարգը տապալելուն, այլ այս իշխանություններն են տապալել այդ կարգը»,- հենց քրեակատարողական հիմնարկի մոտ հայտարարեց նախկին դատապարտյալը:
Աղ ու հացով եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ազատամարտիկին դիմավորելու էին եկել նրա մարտական ընկերները, հարազատներն ու Համաժողովրդական շարժման ակտիվիստները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել