Հայաստանի ֆինանսական ոլորտի աշխատակիցների կրթության մակարդակը բարձր է
Էմերջինգ մարքեթս գրուպ միջազգային անկախ խորհրդատվական կենտրոնը, որը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հիմնական կապալառուն է, այսօր ներկայացրեց ՀՀ ֆինանսական ոլորտում մասնագիտական ուսուցման կարիքների գնահատման հետազորտության արդյունքների հաշվետվությունը:Գնահատումն իրականացվել էր ֆինանսական հաստատությունների եւ ուսումնական կենտրոնների շրջանում իրականացված հարցումների, նաեւ ուսուցման ծառայություններ տրամադրողների հետ անցկացված հարցազրույցների հիման վրա:
Պարզվել է, որ գոյություն ունի ճեղքվածք ուսուցման կարիքների պահանջարկի եւ առաջարկի կողմերի միջեւ. «Ֆինանսական հաստատությունները կարեւորում են իրենց աշխատակիցների լրացուցիչ ուսուցումը, սակայն նրանց մոտ բացակայում է դրա իրականացմանը օժանդակող համակարգ»,-ասում է VGM Partners-ի տնօրեն Վարդան Մարկոսյանը:
Հետազոտությունները բացահայտել են, որ ուսումնական կենտրոնները շուկայի ակտիվ հետազոտություններ չեն անցկացնում եւ շուկայի պահանջարկին չեն արձագանքում. «Դա նշանակում է, որ նրանք իրենց ծրագրերում չեն ընդգրկում ֆինանսական ոլորտի փոփոխվող կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր դասընթացներ»,-նկատում է Վ. Մարկոսյանը: Իսկ պատճառը, որը նշել են ուսումնական կենտրոնները, այն է, որ մասնագիտացված դասընթացները միշտ չէ, որ շահավետ են, հատկապես այն պարագայում, երբ իրենք կանգնած են սահմանափակ ֆինանսական միջոցների խնդրի առաջ:
Ծրագիրն առաջարկել է նպատակային միջամտություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն կենտրոնների կարողությունների ուժեղացմանն ու ամրապնդմանը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ֆինանսական ծառայությունների գծով մասնագետների պահանջարկն աճում է սրընթաց արագությամբ, իսկ սկսնակ եւ միջին մակարդակի աշխատողների հետագա ուսուցման կարիքները նույնպես բարձր են: Հայաստանի ֆինանսական ոլորտի աշխատակիցների կրթության մակարդակը ընդհանուր առմամբ բարձր է, սա է ապացուցում հետազոտության արդյունքները. « Ավելի քան 70%-ն ունի բարձրագույն կրթություն, 37%-ը` մագիստրոսի աստիճան, 7%-ը՝ PHD աստիճան»: Սակայն բանկային վերադաս ղեկավարները հայտնում են, որ իրենց համար բարելավման ամենամեծ կարիք ունեցող ոլորտը օտար լեզուների իմացությունն է, մինչդեռ վարկային կազմակերպությունների կողմից որպես առավել անհրաժեշտ ոլորտներ նշվում են տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել