«Գաղտնի հարուցված քրեական գործ չկա»
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով ոստիկանության զինծառայողների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումներում «թիվ 62202708» նշագրումը զուտ տեխնիկական վրիպակ է եւ գաղտնի հարուցված եւս մեկ քրեական գործ գոյություն չունի: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` այս անգամ էլ «Հայ ազգային կոնգրեսի անդամները, չկարողանալով գործելավոճ դարձրած ապատեղեկատվությամբ վարկաբեկել նախաքննական մարմնի գործունեությունը, փորձել են տեխնիկական վրիպակը հանրությանը ներկայացնել որպես սենսացիոն բացահայտում, այն հիմնավորելով թե իբր գոյություն ունի գաղտնի հարուցված ևս մեկ քրեական գործ»:
«Հարուցված քրեական գործը գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր գործի հարուցումը հաշվառվում է ոչ միայն հարուցող մարմնում, այլև ոստիկանության վիճակագրական վարչությունում»,- պարզաբանում է ՀՔԾ մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանը:
Ըստ նրա` իրականում «թիվ 62202708 քրեական գործը հարուցվել է այլ փաստի առթիվ և ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել