Հունվարի 1-ից նպաստների բարձրացում է նախատեսվում
«Հունվարի 1-ից Ղարաբաղում կփոխվի երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման համակարգը. ընտանիքներում 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 100 հազար դրամ`նախկին 70 հազարի փոխարեն»,-այս մասին ԼՂՀ 2009թ. պետբյուջեի նախագծի Ազգային ժողովում անցկացված քննարկումների ժամանակ հայտարարել է սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը: Նրա խոսքերով, ինչպես եւ այս տարի, ընտանիքի 3-րդ երեխայի համար կհատկացվի 500 հազար դրամ, իսկ 4-րդ եւ հաջորդ երեխաների համար 700 հազար դրամ: Նույն չափով նպատակային ժամկետային ավանդներ կբացվեն 3-րդ եւ հաջորդ երեխաների համար:
Կշարունակվի նաեւ հանրապետությունում բնակվող 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցման ծրագիրը:
Չաշխատող կանանց կշարունակվի վճարվել հղիության եւ ծննդաբերության նպաստ, որը հունվարի 1-ից կաբարձրացվի 20 տոկոսով եւ կդառնա 138 հազար դրամ: Երկու անգամ կբարձրացվի միակողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող նպաստի չափը. այն կկազմի 21 հազար դրամ` նախորդ տարվա 10 հազար դրամի դիմաց:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կստանան 30 հազար դրամ` 20 հազար դրամի դիմաց: 11,8 տոկոսով կաճի հաշմանդամ երեխաներին տրվող նպաստի չափը եւ կսահմանվի 18 հազար դրամ: Առաջին խմբի հաշմանդամների երեխաներին տրվող նպաստը կկազմի 15 հազար դրամ` 9 հազար դրամի դիմաց:
Կշարունակվի նաեւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերին պետական նպաստի տրամադրումը. նրանք կստանան 12 հազար դրամ`նախկին 4,5 հազար դրամի փոխարեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել