Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքականությունը պետք է թափանցիկ լինի եւ տեսանելի մեծ տերությունների համար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին:
Կառավարության կայքէջի հաղորդմամբ` հանձնաժողովի նիստում քննարկվել են 2007թ. հոկտեմբերի 15-ին կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջեւ իրավապայմանագրային բազայի ներկա վիճակին ու զարգացման միտումներին, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակին եւ հեռանկարային ուղղություններին, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության եւ մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել է Հայաստանի ու Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ընթացքը եւս:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել միջկառավարական հանձնաժողովին` արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Վարչապետները հույս են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար: Երկուստեք կարեւորվել է ընթացիկ տարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը:
Տիգրան Սարգսյանը եւ Գրիգոլ Մգալոբլիշվիլին համակարծիք են եղել բաց, թափանցիկ, հասկանալի քաղաքականություն վարելու անհրաժեշտության հարցում` ընդգծելով, որ դա պետք է տեսանելի լինի նաեւ տարածաշրջանում շահեր ունեցող մեծ տերությունների համար: Նրանք վստահություն են հայտնել, որ ստորագրվելիք փաստաթղթերը նոր թափ կհաղորդեն միջպետական հարաբերություններին` նշելով, որ երկու երկրների կառավարություններին առաջիկայում քրտնաջան աշխատանք է սպասվում` ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին կայացել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի արդյունքներն ամփոփող արձանագրությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Էկատերինա Շարաշիձեն ստորագրել են 1995թ. օգոստոսի 14-ի "Վրաստանի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին" արձանագրությունը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարի տեղակալ Դավիթ Քիրիան ստորագրել են երկու նախարարությունների միջեւ "2008-2010թթ. ընթացքում համագործակցության մասին" ծրագիրը:
Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` ութերորդ նիստն անցկացնել 2009թ. Երեւանում: Ժամկետն ու օրակարգը կորոշվեն ավելի ուշ` աշխատանքային կարգով:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, այցելել է Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թբիլիսիում հայ ականավոր գրողների եւ հանրային գործիչների պանթեոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել