Նոր մանրամասներ սպանության գործով
Երեկ «Հետքը» տեղեկացրել էր, որ Քաջազնունու փողոցի թիվ 6 շենքի հարեւանությամբ ոստիկանները հայտնաբերել էին վթարի ենթարկված ավտոմեքենա, որի վարորդի նստելատեղին եղել էր 35-ամյա Արմեն Սահրադյանի դիակը` ոտքերի եւ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքների հետքերով: Այսօր իրավապահները պարզել են, որ հիշյալ հասցեում Արմեն Սահրադյանը եւ 31-ամյա Արթուր Ս.-ն ծեծել են իրար: Այնուհետեւ Արթուր Ս.-ն իր «Աուդի Q 7» մակնիշի ավտոմեքենան վարել եւ հարվածել է Ա. Սահրադյանին, ապա դիմել փախուստի:
«Սահրադյանն իր «Ֆորդ Էքսպեդիշն» ավտոմեքենայով հետապնդել է Արթուր Ս.-ին: Վերադառնալով նշված վայր` վերջինս իր մոտ եղած «Կոլտ» տիպի ատրճանակից կրակել է Սահրադյանի վրա, որը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Արթուր Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմաբ` փորձագետի եզրակացության համաձայն` դեպքի վայրում հայտնաբերված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտների գնդակները եւ 3 պարկուճները համընկնում են 2002 թ. Արթուր Ս.-ին պարգեւատրման կարգով հանձնված «Կոլտ» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակի գնդակների փորձանմուշներին:
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Արթուր Ս.-ին հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի վայրից հայտնաբերված 6,35 մմ տրամաչափի 3 փամփուշտների ու 2 պարկուճների ատրճանակը հայտնաբերելու եւ պատկանելությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել