Ադրբեջանը պետք է իր Սահմանադրությունը ենթարկի փոփոխության
Համոզված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ ինչպես էլ լուծվի Արցախի հարցը, «միեւնույն է, առնվազն նախկին ԼՂԻՄ սահմանը եւ Լաչինն այլեւս չեն լինի Ադրբեջանի կազմում»:
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում Մանոյանը նաեւ նշեց, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման կապակցությամբ պետք է հանրաքվե անցկացվի միաժամանակ ե´ւ Արցախում, ե´ւ Հայաստանում, «քանի որ, օրինակ, ազատագրված տարածքների խնդիրը ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի անվտանգության խնդիր է»,- ասում է ՀՅԴ ներկայացուցիչը:
Ըստ նրա` հանրաքվեի պետք է դրվի ոչ թե առանձին հարց, այլ կարգավորման փաթեթը, իսկ հնարավոր զիջումները պետք է լինեն միայն համարժեք. «Օրինակ` չի կարելի տարածք զիջել, ասենք, երկաթուղի բացելու դիմաց: Քանի որ վաղը երկաթուղին կարող են նորից փակել, իսկ տարածքը միայն պատերազմով կարող ենք հետ վերցնել»:
Մանոյանի խոսքերով` մոտ ապագայում անհավանական չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրումը, «բայց վերջնական պայմանագիրը տարիների հարց է»:
Նրա կարծիքով` հիշյալ համաձայնագրի առկայությունը կարող է պատճառ դառնալ տարածաշրջանում որոշ հարցերի փոփոխության. «Ասենք, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են փոխվել: Բայց Ղարաբաղի հարցում վիճակի փոփոխություն երկար տարիներ չի լինի»,- համոզված է Կիրո Մանոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել