HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Հարությունյան. «Արցախում սահմանադրորեն ապրելու ավանդույթները բավականին խորը արմատներ ունեն»

Այսօր Ստեփանակերտում մեկնարկեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով ԼՂՀ Սահմանադրության օրվան եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված համատեղ կոնֆերանսը, որին մասնակցում են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սահմանադրական դատարանի անդամներ: Իր ելույթում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հիշեցրեց, որ 2006-ի դեկտեմբերի 10-ին Արցախում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքում ընդունվել է երկրի հիմնական օրենքը: «Իր հերթին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն զուգադիպել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված ԼՂՀ անկախության հանրաքվեի օրվան, որի ժամանակ Արցախի բնակչությունը առաջնորդվել է գործող օրենսդրությամբ, իրացրել ինքնորոշման իր իրավունքը»,- շեշտել է ԱԺ նախագահը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, մասնավորապես նշեց. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության, ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաեւ այնպիսի իրավական պետության ստեղծմանը, որտեղ մարդու եւ քաղաքացու անվտանգությունն ու ազատությունը կլինեն բարձրագույն արժեք: ԼՂՀ Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս հաստատել է այդ գործընթացի անշրջելիությունը, եւ մեր ժողովրդի ձգտումն ու կամքը` ամբողջովին իրացնել ազատ եւ արդար հասարակությունում ապրելու իրավունքը, որտեղ կլինեն բոլորի համար զարգացման հավասար հնարավորություններ»: Նախագահն ընդգծեց նաեւ, որ այս կոնֆերանսը «նոր առիթ է գնահատելու ԼՂՀ նվաճումները` մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների ապահովման, քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության ձեւավորման գործում»: «Պետությունը, որպես մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավոր, այսուհետ կլինի հետեւողական, եւ ավելի կակտիվացվեն ջանքերն այդ հարցում»,-ավելացրեց երկրի ղեկավարը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համոզմամբ՝ «ի տարբերություն շատ երկրների, որտեղ մարդու իրավունքները ձեռք են բերվել ընդունված փաստաթղթերով, Ղարաբաղում այդ իրավունքները ձեռք են բերվել ազգային-ազատագրական պայքարով»: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը համոզված է, որ Արցախ աշխարհում սահմանադրականությունը կարող է շատ ավելի շուտ ինքնահաստատվել, քան ցանկացած մեկ այլ երկրամասում, որովհետեւ «այստեղ սահմանադրորեն ապրելու ավանդույթները բավականին խորը արմատներ ունեն, որոնք պետք է կարողանանք գուրգուրել, որպեսզի ծլարձակվեն, որպեսզի սահմանադրականության իրողությունը Սահմանադրության հետ մեկտեղ դառնա մարդու կենցաղ»: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ կոնֆերանսի հրավիրման գաղափարը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ հունվարից սկսած՝ ԼՂՀ Սահմանադրության սահմանված կարգով ԼՂՀ քաղաքացիները նույնպես ձեռք են բերում սահմանադրական արդարադատության իրավունք: Կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը: Կեսօրին կամփոփվեն երկօրյա աշխատանքների արդյունքները, որից հետո 1-2 ամսվա ընթացքում կհրապարակվեն կոնֆերանսի նյութերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter