HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարուն Միրզոյան. «Ծաղկաձորում տնտեսական ճգնաժամի ազդեցությունից կխոսեմ սեզոնից հետո»

Ծաղկաձորում զբոսաշրջության զարգացումն արտացոլվում է նաեւ ներդրումների չափով, իսկ վերջին շրջանում ամեն տարի այն արձանագրում է 20-30 տոկոս աճ: Այս մասին «Ուրբաթ» ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: «Հիմա չեմ կարող կանխատեսել` միջազգային ճգնաժամը քաղաքի զբոսաշրջության վրա կանդրադառնա՞, թե՞ ոչ, Բայց այս տարի մոսկովյան ցուցահանդեսի ժամանակ տարբեր տուրիստական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնցից ոչ մեկը դեռեւս խնդիրներ չի առաջացրել»,- նշում է Միրզոյանը: Նա դժվարանում է կանխատեսել, թե այս ձմեռ քաղաքը որքան հանգստացող կընդունի, բայց նշում է, որ Նոր տարվա համար բոլոր հյուրանոցների գրեթե բոլոր համարներն արդեն պատվիրված են: Անցյալ ձմեռանը` մոտ 90 օրում, Ծաղկաձրում հանգստացել է 3 հազար մարդ: Հանգստացողների մոտ 70 տոկոսը եղել են հայաստանցիներ, իսկ օտարերկրացիների գերակշիռ մածամասնությունը` Ռուսաստանից: «Կարող եմ պատճառներից մեկը նշել, թե ինչու նախորդ տարի դրսի հանգստացողների թիվը պակասեց,- ասում է քաղաքապետ Միրզոյանը,- ռուսական տուրիստական գործակալությունները Ծաղկաձորը չէին ներկայացնում: Ներկայացման համար, մենք այս տարի մասնակցեցինք Մոսկվայում կազմակերպված «Դահուկային տաղավար» միջազգային ցուցահանդեսին, ինչ արդյունքում, այս տարի ԱՊՀ երկրներից սպասում ենք ավելի շատ զբոսաշրջիկներ»: Քաղաքում գործում է 28 մեծ ու փոքր հյուրանոց, մոտ 20 ռեստորան եւ սրճարան, 6 ձմեռային լողավազան եւ շոգեբաղնիք: Կառուցվում են 7 տարբեր մեծության հյուրանոցներ եւ 4 տնակային ավաններ: Հյուրանոցներում յուրաքանչյուր անձից երկսենյականոց ստանդարտ համարի համար մեկ գիշերվա դիմաց գանձում են 5-ից 17 հազար դրամ: Եթե հանգստացողը որոշում է նաեւ սնվել հյուրանոցում, ապա գրպանի պարունակությունը պետք է թեթեւացնի 3-7 հազար դրամով: «Այսօր լավ պայմաններով հյուրանոցներում տեղերի քանակը 3000-3500 է, գումարած դրան 2500-3000 նորմալից ցածր պայմաններով սենյակներ, որոնց սանհանգույցներն ընդհանուր են եւ այլն: Մասնավոր հատվածն ապահովում է մոտ 700 տեղ,- տեղեկացնում է քաղաքապետը: - Այս տարի Ծաղկաձորում գործելու է 5 ճոպանուղի` 27 հազար մետր սահուղիներով: Ճոպանողու տոմսի արժեքը կլինի 1500 դրամ, իսկ 1 օրվանը` 10 հազար: Դահուկների վարձույթը օրվա համար կլինի 7000 դրամ: Ինչպես ամեն տարի, կլինի նաեւ անվճար ավտոբուս` Ծաղկաձոր քաղաքից մինչեւ ճոպանուղի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter