HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյան մեղադրվում է անօթեւանի տնակը ապօրինաբար վաճառելու մեջ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է անօթևան Սվետլանա Մովսիսյանին պատկանող տնակը առևանգելու ու այն Թադևոս Շիրվանյանին վաճառելու մեջ: Եվ քանի որ երկու ամիս շարունակ գնորդը չներկայացավ դատարան`պատճառաբանելով, թե բուժվելու նպատակով մեկնում է արտասահման, ճշմարտությունը այդպես էլ չբացահայտվեց: Քաղաքապետարանի պաշտոնյան մինչև վերջ պնդում է, որ տնակը վաճառվել է տանտիրոջ համաձայնությամբ, իսկ տանտերը բողոքում է, թե այդպիսի բան չկա: Պետական մեղադրողն էլ, համոզվելով, որ քաղաքապետարանի պաշտոնյան, այնուամենայնիվ, մեղավոր է, պահանջեց Աշոտ Քալաշյանին երկու տարի ժամկետով զրկել պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից և նրանից հինգ հարյուր հազար դրամ բռնագանձել՝ հօգուտ տուժող Սվետլանա Մովսիսյանի: Տեղեկացնենք, որ պաշտոնյան նախկինում ևս եղել է դատված, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նմանատիպ մի գործարք կատարելու համար տուգանվել է երեք հարյուր հազար դրամով: Երեկ դատարանում ելույթ ունեցավ Աշոտ Քալաշյանի շահերի պաշտպան Հենրիկ Մանուկյանը` հայտարարելով, որ պաշտոնյայի դեմ քրգործ է հարուցվել անձնական հաշիվներից ելնելով` ժամանակին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ապօրինի գործողություն թույլ տալու պատճառով տուգանվել է քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանի կողմից, այժմ էլ որոշել է վրեժ լուծել: «Այլապես ինչո՞վ կբացատրեք գրեթե չապացուցված գործը վերածել մեղադրանքի և պահանջել նրան զրկել պաշտոնից երկու տարի ժամանակով, ինձ թվում է, որ այս հարցը առաջ քաշողները որոշակի լարված են Գյումրու քաղաքապետարանի դեմ, որովհետև պաշտոնատար անձի նկատմամբ նման դիտավորյալ վերաբերմունքը, վերջիվերջո, նպատակ է հետապնդում քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի աշխատանքի վրա ստվեր գցել»,- ասաց Հենրիկ Մանուկյանը: Վերջինս նաև խնդրեց դատարանին`արդարացման վճիռ կայացնել՝ հանրապետությունով մեկ ապացուցելու, որ դատարանի հեղինակությունը բարձր է, հատկապես դատական բարեփոխումների իրականացման պայմաններում: Մինչդեռ տուժողի շահերի պաշտպան Աննա Դավթյանը պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները համարեց «խիստ անարժանահավատ»: «Պաշտպանական ճառի վերջում պաշտպանական կողմը համոզման մեթոդներ էր կիրառում, միջոցներ էր ձեռնարկում, որ դատարանին համոզեր արդարացման դատավճիռ կայացնելու, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, դա միակը կլինի, և ամբողջ հանրապետությունով կհայտնվի մեր դատավորի անունը, և դա ապացույցը կլինի այն բանի, որ արդարությունը հաղթում է: Սա, իմ կարծիքով, շատ ցածրացրեց ապացույցների գնահատումը: Եթե իրենց կողմից ներկայացված ապացույցները լիարժեք էին, ուրմն էլ կարիք չկար համոզել դատարանին»,- ասաց տուժողի շահերի պաշտպան Աննա Դավթյանը: Դատը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 12-ը. ամբաստանյալը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter