HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղքատ ընտանիքներում երեխաները երկու անգամ ավելի շատ են մահանում

ԱԺ-ում այսօր "Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Նա փաստում է, որ. "Կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի երեխաները երկու անգամ շատ են մահանում, քան բարձրագույն կրթությամբ մայրերի երեխաները: Գյուղերում երեխաների մահացությունը 1.5 անգամ ավելի է, քան քաղաքում: Այս տվյալները խորքային խնդիրների արտահայտություններն են": Երեխաների 13 տոկոսը իր աճի տեմպերով հետ է մնում հասակակիցներից. "Այսինքն` նրա հասակը չի համապատասխանում տարիքին, այս ցուցանիշը պահպանվում է վերջին 10 տարիների ընթացքում, որը անհանգստացնող է": Սակայն տիկին Սարիբեկյանը այս փաստը չի կապում սուր թերսնման հետ. "Երեխաները քաղցած չեն, բայց նրանք չեն ստանում բավարար սպիտակուց եւ բալանսավորված սնունդ, ինչն անդրադառնում է նրանց աճի տեմպերի վրա": Երեխաների 37 տոկոսը ունեն սակավարյունություն, ինչը Կ. Սարիբեկյանը կապում է աղքատության եւ սննդային վարքագծի հետ. "Երբ մենք դիտարկեցինք բարեկեցիկ ընտանիքները, նույն խնդիրը հայտնաբերեցինք, ինչը խոսում է ոչ ճիշտ սննդակարգի մասին": Կարինե Սարիբեկյանն անդրադարձավ նաեւ պատվաստումներին: Ըստ նրա` պատվաստումներում երեխաների ամբողջական ընդգրկվածությունը ցածր է. "Սա պայմանավորված է մի քանի տարի առաջ պատվաստուկների ներկրման դժվարությունների հետ": Սակայն բյուջետային հատկացումների շնորհիվ վերջին երկու տարիներին, ըստ Կ. Սարիբեկյանի, պատվաստումների ներկրման հետ կապված ընդհատումներ չեն գրանցվել: Հայաստանի համար Կ. Սարիբեկյանը դժվար հասանելի է համարում մանկական եւ մայրական մահացությունների թվի իջեցումը. "Եթե բոլոր շահագրգիռ կողմերը սկսեն համագործակցել, ապա խնդիրը կլուծվի: Կարեւորում եմ կառավարության, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի, միջազգային կազմակերպությունների, նաեւ համայնքի եւ ընտանիքի միջեւ համագործակցությունը":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter