HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բնակչության կազմում երեխաների թիվը պակասել է

Այս մասին այսօր ԱԺ "Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում" խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: ՀՀ բնակչության կազմում 0-5 տարեկանների թիվը կրճատվել է երկու անգամ` դառնալով 5.6 տոկոս. "Սա նշանակում է, որ ազգը ծերանում է, եւ վերարտադրողական պոտենցիալի առումով ունենալու ենք դժվարություններ": Յունիսեֆի զեկույցի համաձայն` 0-5 տարեկան երեխաների 54 տոկոսը Հայաստանում ապրում են աղքատ ընտանիքներում: Այս փաստը Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետը բնական է համարում. "Բնական է, քանի որ բազմանդամ ընտանիքները ավելի ներքեւ են հայտնվում աղքատության շեմից": Երեխաները բնակչության կազմի մեջ ընդգրկված են հետեւյալ տոկոսային հարաբերակցությամբ` 0-1 տարեկան` 1.2 տոկոս, 0-5տարեկան` 5.6 տոկոս, 0-15 տարեկան` 21.7 տոկոս, 0-18տարեկան` 27 տոկոս: Կ. Սարիբեկյանը կանխատեսումներ ներկայացրեց "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրի շրջանակներում երեխաների մահացությունը իջեցնելու վերաբերյալ: Ամբողջ աշխարհը պարտավորվել է երեխաների մահացությունը նվազեցնել 1/3-ով. "Պետք է փորձենք մոբիլիզացնել ուժերը",- ասում է Սարիբեկյանը: Հայաստանում 2008 թ. 9 ամսվա կտրվածքով հազար երեխայի ծնունդ ավելի է գրանցվել, քան 2007թ: Մայրական մահացության առումով ցուցանիշը նվազել է, սակայն եվրոպական միջին մակարդակից ավելի բարձր է: Մանկական մահացության դեպքերն էլ են նվազել` հիմնականում շնչառական եւ փորլուծության հիվանդությունների հաշվին` համապատասխանաբար 30 եւ 50 տոկոսով: Կ. Սարիբեկյանին անհանգստացնում է այն փաստը, որ կրծքով սնուցման ցուցանիշը սկսել է իջնել. "Սա կարեւորում եմ, քանի որ կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը 7-10 անգամ ցածր է, քան արհեստական սննդի դեպքում": Խնդիրը կարգավորելու համար Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման սահմանափակումներին: Բաժնի պետին գոհացնում է այն փաստը, որ վերջին 6 տարիներին չի գրանցվել դեֆտերիայի ոչ մի դեպք. "Սա ծրագրային արդյունք է, եւ դրական արդյունք, քանի որ այս հիվանդությունը հաճախ պատճառ է դառնում մահացության կամ հաշմանդամության": Ըստ ներկայացված տվյալների` Հայաստանը հանդես է գալիս որպես աղի եւ յոդի դեֆիցիտը հաղթահարած երկիր, ուստի աղի եւ յոդի հետ կապված խնդիրներ չունենք: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասում է, որ երեխաների առողջության պահպանման հիմնախնդրի գերակայությունը արտացոլված է Առողջապահության փաստաթղթերում. "Դա լայնորեն ներառված է կառավարության կողմից հաստատված "Մոր եւ մանկան առողջության" 2003-2015թթ. ռազմավարության մեջ, իսկ ներկայումս կառավարության հաստատմանն է ներկայացված "Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման" 2009-2015թթ. ազգային ռազմավարությունը, որը մեծ ներդրում կլինի երեխաների հիմնախնդիրների բարելավման գործընթացում": Ըստ Կ. Սարիբեկյանի` բյուջետային հատկացումների զգալի աճը ակնհայտ արդյունքներ ունի. "Արդյունքներն ակնհայտ են հատկապես անվճար ծննդօգնության ոլորտում. հուլիս ամսին երեխայի ծննդի ոչ պաշտոնական վճարումների հետ կապված ահազանգերի թիվը կազմել էր 48 տոկոս, սեպտեմբերին` 8, նոյեմբերին` 0":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter