Պահանջում են վերանայել Ժ. Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիության տրամադրման մերժումը
«Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավը հերթական անգամ դրսևորեց ներքաղաքական հարցերում սեփական խմբային շահերով (այլ ոչ` օրենքի ուժով) առաջնորդվելու իր մանրախնդիր էությունը` մերժելով Արցախյան ազատամարտի հերոսներից Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիության տրամադրումը: Ակնհայտ է, որ այդ որոշումը թելադրված էր ամեն այլախոհություն, այն է՝ Սէֆիլյանի սկզբունքային ու հետևողական, ակտիվ ու հրապարակային ընդդիմադիր պահվածքը, բացառելու մանր ու անհեռատես կրքով: Փաստորեն, իշխանակարգը չէր բավարարվել հայտնի ազատամարտիկին շուրջ մեկ ու կես տարի ազատազրկման մեջ հանիրավի պահելով (ինչը, ըստ էության, Արցախում մարտնչած հայորդիներին հնազանդության մեջ պահելու հրապարակային, բայց նաև` դատապարտված ապարդյուն փորձ էր): Այժմ էլ իշխանությունները հղացել են «հանճարեղ» միտք. բացահայտ ապօրինի կերպով քաղաքացիություն չտրամադրելով` փորձում են այս անգամ, թերևս, բարոյապես ճնշել Սէֆիլյանին, ինչը, իհարկե, ի սկզբանե ձախողման դատապարտված նկրտում է:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, Հայկական զինված ուժերի փոխգնդապետ, նախկին ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չտրամադրելը «Ժառանգություն» խմբակցությունը դիտարկում է որպես ընդգծված միտումնավորություն, նաև խարան` դրոշմված սփյուռքահայ մեր բազմամիլիոն հայրենակիցների հետ չափազանց կենսական հարաբերությունների վրա:
«Ժառանգությունը» օրվա իշխանություններից պահանջում է անհապաղ վերանայել այդ անբարո որոշումը և չարժեզրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վեհ ինստիտուտը ամոթալի երախտամոռությամբ:
08.12.2008թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել