ԼՂՀ Վերահսկիչ պալատն արձանագրել է 180 մլն դրամի «ոչ արդյունավետ ծախս»
2009-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ կիրականացվեն ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերում, ԼՂՀ ֆինանսների, սոցիալական ապահովության, կրթության եւ գիտության նախարարություններում, քաղաքացիական ծառայության խորհրդում, կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում, ինչպես նաեւ Մարտակերտի, Հադրութի եւ Շուշիի շրջվարչակազմերում եւ որոշ համայնքներում:
Հետքի հետ զրույցում Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը տեղեկացրել է, որ ստուգումներ կիրականացվեն նաեւ մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, Ստեփանակերտի քաղաքապետարանում:
Անդրադառնալով այս տարվա աշխատանքներին` ՎՊ նախագահը նշել է, որ 2008թ. Վերահսկիչ պալատի կողմից հաստատված ծրագրով նախատեսված 18 ընդհանուր վերահսկողության թեմաներից 15-ի ստուգումներն արդեն ավարտված են:
Վերահսկիչ պալատը տարվա ընթացքում ստուգումներ է իրականացրել առողջապահության նախարարությունում, որոնց արդյունքում որոշակի խախտումներ ու թերություններ են արձանագրվել: Արթուր Մոսիյանի խոսքերով` ստուգման արդյունքներով խախտումների մի մասի հիմնական պատճառը տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի եւ օրենսդրության չիմացությունն է: Ոլորտում կային նաեւ փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր, որոնց մեծ մասը կատարվել է, սակայն փաստաթղթերը բացակայում են, ինչն էլ կասկածի տեղիք է տալիս: «Ընդհանուր առմամբ, մոտ 180 մլն դրամ գումարի չափով ոչ արդյունավետ ծախսեր են արձանագրվել, որի մեջ մտնում է նաեւ վերականգնման ենթակա պետական բյուջեին, ընկերությանը պատճառված վնասը: Սա յուրացում համարել չի կարելի: Այդ գումարների մի մասը` մոտ 18 մլն դրամ, արդեն մուտքագրվել են պետբյուջե: Մուծումները դեռ ընթացքի մեջ են, որոնք վերականգնվում են պատասխանատու անձանց հաշվին»,- նշել է Արթուր Մոսիյանը:
Ոլորտում արձանագրվել են նաեւ այլ խախտումներ, որոնց արդյունքում մի քանի քրեական գործեր են հարուցվել, իսկ որոշ խախտումների առնչությամբ Վերահսկիչ պալատն առաջարկություններ է արել, որոնց կատարման արդյունքում որոշ թերություններ վերացվել են: «Վերահսկիչ պալատի նպատակը միայն տուգանելը չէ, այլ նաեւ ուղղություններ տալը եւ հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերելը: Հանրապետության նախագահի մոտ քննարկման ժամանակ մեզ հստակ հանձնարարական է տրվել` օրենքով սահմանված մեր լիազորությունների շրջանակներում ոչ միայն վեր հանել այն բացասական երեւույթները, որոնք տեղ են գտել պետական կառավարման համակարգում, այլ նաեւ օգնել պետական կառավարման համակարգին»,- պարզբանել է ՎՊ նախագահը:
Գնահատելով վարչակազմերում եւ մի քանի համայնքներում իրականացված ստուգումները՝ նա շեշտել է, որ համայնքների հաշվապահությունը բարձիթողի վիճակում է: Գյուղական բնակավայրերի վերականգնման համար հատկացված գումարներն օգտագործվել են ոչ արդյունավետ, եւ դրանց մի մասն իր նպատակին չի ծառայել:
Ստուգվել են նաեւ գյուղնախարարությունը եւ Թրղեի ջրանցքի աշխատանքները, որոնց արդյունքում չկատարված ծավալ է հայտնաբերվել` մոտ 20մլն դրամի չափով:
Առավել մեծ խախտումներ են գրանցվել քաղաքաշինության նախարարությունում` հիմնականում նախագծանախահաշվային աշխատանքների մասով: «Պարզվել է, որ նախարարության վերահսկողություն իրականացնող անձինք նաեւ կապալառու կազմակերպություններում փայատերեր են: Ստացվում է, որ իրենք իրենց պետք է ստուգեն: Այս պայմաններում որակի բարձրացման մասին խոսել չի կարելի: Մյուս խախտումը նախագծերի մասով է` մոտ 175 մլն դրամի չափով ոչ արդյունավետ ծախս է կատարվել` 2006-2008թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում պատվիրված եւ դարակների վրա առայսօր գտնվող նախագծերի հաշվին: Այդ նախագծերի արժեքի որոշ տոկոսը վճարել է պետությունը, որը մոտ 175 մլն դրամ է կազմում: Գումարը ծախսվել է, բայց նախագծերը մնացել են չիրականացված եւ չեն էլ իրականանալու»,- ասում է Ա. Մոսիյանը:
Ի տարբերություն անցած տարիների, Վերահսկիչ պալատը, ըստ ՎՊ նախագահի, հիմա ստուգումներ է կատարում նաեւ գումարների ծախսման արդյունավետության ուղղությամբ` «ստուգումների ձեւերից մեկն էլ արդյունավետության գնահատական տալն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել