HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սմբատ Այվազյանը թույլ օղակ չէ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Հովիկ Արսենյանը և Երվանդ Վարոսյանը այսօր Փաստաբանների պալատում լրագրողներին ներկայացրին Սմբատ Այվազյանի գործով դատավճիռը, որը, ըստ պաշտպանների, ապօրինի է: Սմբատ Այվազյանի գործով դատարանի խնդիրն էր պարզել, թե արդյոք ոստիկանները գործել են իրենց ծառայողական պարտականությունների շրջանակում, թե ոչ, քանի որ Սմբատ Այվազյանը ձերբակալման ժամանակ դիմադրել է: Դատավորը հիմնավորել է, որ եթե Սմբատ Այվազյանը գտնում էր, որ իր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում, նա պետք է ենթարկվեր այդ ոստիկանի պահանջներին, այնուհետև բողոքարկեր նրանց գործողությունները, իրավունք չուներ այդ պահին չենթարկվել ոստիկաններին: «Մեկը ես` չեմ պատրաստվում ենթարկվել ոստիկանի անօրինական պահանջներին, նույնը ասել է նաև Սմբատ Այվազյանը,-ասում է Լուսինե Սահակյանը,-ըստ դատավորի` անձը նույնիսկ իրավունք չունի դա ասել բառերով: Այս դատավճռով դատավորը գտել է, որ ոստիկանի ցանկացած պահանջ քաղաքացին պարտավոր է կատարել: Եթե չի կատարում, Գագիկ Ավետիսյանի նման դատավորները կարող են մեղադրական դատավճիռ կայացնել և երկու տարի ազատազրկման ենթարկել նրանց»: Դատավորը որոշել է, որ ոստիկանները գործել են իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում` նշելով, որ ոստիկանները պարտավոր էին կատարել հանձնարարությունը, որը տրվել էր նրանց: Սմբատ Այվազյանին ենթարկել են նաև տոկսիկոքիմիական փորձաքննության, որը, Լուսինե Սահակյանի հիմնավորմամբ, նույնպես անհիմն է: Բացի Քր. օր. 316 հոդվածից (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) Ս. Այվազյանը մեղավոր է ճանաչվել նաև 235 հոդվածի 4-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը)` սառը զենք կրելու մեղադրանքով: Ըստ դատավճռի` Ս. Այվազյանը կրել է զսպանակավոր մահակ, որը հայտնաբերվել է 6-րդ վարչություն տարվելուց հետո, անձնական խուզարկության ժամանակ: Պաշտպանները դատավարության ընթացքում ապացույցներ են ներկայացրել, որ Սմբատ Այվազյանի խուզարկության արձանագրությունը կազմվել է հետին ժամով, իր մեջ պարունակում է կեղծ տեղեկություններ, այդ թվում` նաև արձանագրության ժամը: Դատավճռում նշված է, որ արձանագրությունը կազմվել է 6-րդ վարչության 4-րդ վարչությունում` 8-րդ հարկում, իսկ Ս. Այվազյանին իրականում խուզարկել են 6-րդ վարչության 5-րդ վարչության ստորաբաժանումներին պատկանող նկուղային հարկում: Փաստաբան Երվանդ Վարոսյանի հավաստմամբ` նրա մոտից այդ խուզարկության ընթացքում որևէ մահակ չի հայտնաբերվել: Ընդ որում` խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների: Այդ մասին դատարանին հայտնել է ոչ միայն Սմբատ Այվազյանը, այլև նաև նրա հետ 6-րդ վարչություն բերված երկու զինակից ընկերները: «Զավեշտալին այն է, որ փոխանակ Արտակ Սիսակյանին և Վարդան Կիրակոսյանին հարցաքննեին բերման ենթարկելու հետ կապված խնդիրների մասին, նրանցից հարցրել են, թե Սմբատ Այվազյանը և իրենք որքան ժամանակ են եղել Ազատության հրապարակում, որքան են մնացել, ինչ գործողություններ են կատարել, գումար ու հաց տվել են, թե ոչ: Դա նշանակում է, որ Ս. Այվազյանին և նրա ընկերներին բերման են ենթարկել քաղաքական նկատառումներով»,- վստահեցնում է պաշտպան Հովիկ Արսենյանը: Պաշտպանները հարցում են արել իբր թե խուզարկությանը մասնակցող ընթերականերից մեկին, որը հայտնել է, թե ինքը 6-րդ վարչություն է հրավիրվել արդեն ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, իսկ երբ ներս է մտել, արդեն սեղանին դրված են եղել որոշ իրեր, այդ թվում նաև զսպանակավոր մահակը: Մինչդեռ, ըստ արձանագրությունների, Սմբատ Այվազյանին բերման են ենթարկել 11:30-ի սահմաններում, իսկ արձանագրությունն էլ իբր կազմվել է 11:40-ին: «Այսինքն` ընթերակայի ներկայությամբ որևէ իր Սմբատ Այվազյանի մոտից չի հայտնաբերվել, այդ արձանագրությունը որևէ ապացույց չի ենթադրում»,- համոզված է Ե. Վարոսյանը: Դատավորը դա հիմք չի ընդունել և համարել է բավարար ապացույց Սմբատ Այվազյանին մեղավոր ճանաչելու համար: Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է որպես վկա հրավիրել և հարցաքննել մի շարք անձանց` Սմբատ Այվազյանի երկու զինակից ընկերներին և 5 անձանց, որոնք ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց սպասել են Ս. Այվազյանին: Այսինքն` նրանք ականատես են եղել այն ամենին, ինչ կատարվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Ս. Այվազյանը հենց այդ բաժնի դիմաց է իբր բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Դատավորը մերժել է միջնորդությունը առանց պատճառաբանության, ինչը, ըստ պաշտպանների, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է, քանի որ նա զրկել է պաշտպանական կողմին իր վկաներին դատարան կանչելու հնարավորությունից: Սակայն օրենքով թույլ տրված լիազորությունների շրջանակում պաշտպանները հարցման են ենթարկել այդ վկաներին և արձանագրությունները ներկայացրել դատարան: Դատարանը ընդունել է արձանագրությունները, ճանաչել դրանք որպես ապացույց և կցել գործին: Սակայն դատավճռում այդ արձանագրությունների մասին ռեալ գնահատական չկա: Դատավորը միայն նշել է, որ քանի որ այդ անձինք Ս. Այվազյանի մերձավոր շրջապատից են, դրա համար էլ նման բաներ են գրել` փորձելով պաշտպանության տակ վերցնել Ս. Այվազյանին: Պաշտպանյալների կարծիքով` դա զավեշտալի փաստ է, քանի որ դատավորը դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանական ցուցմունքները: Դատավորը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկել է այն, որ Ս. Այվազյանը «մասնակցել է ՀՀ և ԼՂ-ի պատերազմերին». «Այսինքն`ՀՀ-ն և ԼՂՀ-ն մի ժամանակ պատերազմել են, մենք չենք իմացել, թե Սմբատ Այվազյանը որ կողմից է պատերազմել»,- նկատում է Լուսինե Սահակյանը: «Դատավորը դատավճիռը կայացնելիս պետք է նկատի ունենար, որ կայացնում է վճիռ` հանուն Հայաստանի Հանրապետության, դատավորը պետք է գիտակցեր, որ հերթական անգամ վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Լուսինե Սահակյանը և նշում, որ երբ դատավճիռը հայտնվել է իր ձեռքում, առաջինը աչքի է զարնել այն, որ դատավորը «Հայաստանի Հանրապետություն» կապակցությունը գրել է ամենափոքր տառատեսակով, մինչդեռ ամբողջ դատավճիռը գրված է մի քանի անգամ ավելի մեծ տառատեսակով. «Երևի ինքն էլ էր հասկանում, որ իր այս դատավճռով մի քանի անգամ նսեմացնում էր Հայաստանի Հանրապետությունը»: Հովիկ Արսենյանի համոզմամբ` այս դատավարությունը ևս` իր ապօրինի որոշմամբ, մտավ ՀՀ արդարադատության սև էջ, քանի որ կապ ունի մարդու քաղաքական հայացքների հետ.«Իշխանությունները փորձում են ձևավորված ու ձևավորվող շարժումը ճնշել. սա այն ուղիներից մեկն էր, որը իշխանությունները փորձել են և փորձում են իրականացնել»: Պաշտպանները դատավճիռը ստացել են մեկ շաբաթ առաջ, պատրաստվում են այն բողոքարկել բոլոր վերադաս ատյաններում, վաղը բողոքը կհանձնեն վերաքննիչ քրեական դատարան: Եթե Հովիկ Արսենյանը հույս ունի, որ ՀՀ-ում կարելի է ինչ-որ բան անել և արդարության հասնել, ապա Լուսինե Սահակյանը վաղուց արդեն հույսը կտրել է ՀՀ արդարադատության համակարգից, և հույսը կապում է միայն Եվրադատարանի հետ: Լ. Սահակյանը համոզված է, որ Եվրադատարանը կճանաչի խախտումներ մի շարք հոդվածներով` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 5, 6, 10 և 11-րդ հոդվածներով: Փետրվարի 24-ին լրանում է Սմբատ Այվազյանի` անազատության մեջ գտնվելու մեկ տարին: «Ցավալի է, որ Ղարաբաղյան շարժման 20-ամյակը դիմավորում ենք այդ շարժման և Հայաստանի անկախության համար պայքարող անձանց մեկուսարաններում պահելով և նրանց նկատմամբ ապօրինի դատավճիռներ կայացնելով»,- հավելեց Լուսինե Սահակյանը: Իշխանությունների կողմից քաղբանտարկյալների հետ բանակցելու դեպքերի առումով լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք նման փորձ եղել է Սմբատ Այվազյանի դեպքում: Պաշտպան Լուսինե Սահակյանը փաստեց, որ նման բան չի եղել և, թերևս, չի էլ լինի. «Ս. Այվազյանին չեն համարձակվի նման առաջարկ անել, քանի որ նրանք թույլ օղակներ են գտնում, որպեսզի ազդեն, իսկ Մմբատ Այվազյանը թույլ օղակ չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter