«Միացումը» զորակցում է
««Միացումը» ազգային նախաձեռնությունը ոգու ցնծությամբ զորակցում է ազատամարտում որդիներ և ամուսիններ կորցրած արցախցի քաջարի կանանց` Ալվինա Քալաշյանի, Վարյա Տոնյանի, Գալյա Ամիրջանյանի և Գրետա Ավետիսյանի համայն հայությանն ուղղված կոչին` անսասան պաշտպանելու զոհված հայորդիների անվեհեր նվիրումով ազատագրված Հայոց հողը»,- ասված է «Միացում» ազգային նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
«Մենք` ազգային նախաձեռնության անդամներս, մեր հիացմունքի և երախտագիտության ողջույն ենք հղում հարազատ որդիներին ու ամուսիններին կորցրած արցախցի բոլոր մայրերին ու կանանց և հայ ժողովրդի բոոլոր հատվածների անունից վերահաստատում ենք ազատագրված Արցախը ռազմական և դիվանագիտական բոլոր ոտնձգություններից մինչև վերջ պաշտպանելու մեր անդրդվելի վճռականությունը:
Ձեր որդիների ու ամուսինների ազատարար արյան հեղմամբ հայությունը վերստին ճաշակել է հաղթանակի բերկրանքը և վերականգնել նախորդ պարտություններով նսեմացած ազգային արժանապատվությունը: Մեր հայրենակիցների նվիրական մահվան գնով վերադարձված հայրենի հողը` բոլորիս գերագույն սրբությունն է և Հայոց պետականության գոյատևման, հզորացման և խաղաղության գլխավոր երաշխավորը: Միանալով ձեր կոչին` մենք մեր կտրուկ և անհաղթահարելի ո՛չ ենք ասում բոլոր նրանց, ում հետին մտքով անգամ անցնում է ազատագրված Հայրենիքի փոքրագույն իսկ մասը հակառակորդին հանձնելու հանցավոր մտադրությունը:
Ամուր և հպարտ մնացեք, քանզի Հայոց զորության բազուկը վերստին պահապան է Հայրենի երկրին և մենք հաստատակամ ենք ազատագրված Հայրենիքը թշնամուն հանձնելու մեկնած հայրենավաճառ ձեռքը բռնելու և դրան հանդգնած անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելու հարցում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել