Ավարտվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկի տանիքի շինարարությունը
Ավարտվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Բ» մասնաշենքի 665 քառ.մ մակերեսով տանիքի նորոգումը, որով ամբողջացել է շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 141 միլիոն ՀՀ դրամի բարեկարգման ծրագիրը:
2005-2008 ժամանակահատվածում Հիմնադրամը փուլ առ փուլ իրականացրել է բարեկարգման ծրագիր հիվանդանոցում` Բրազիլիայի հայ համայնքի հովանավորությամբ: Վերանորոգվել են առաջին եւ երկրորդ հարկերում գտնվող ընդհանուր թերապեւտիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, կառուցվել է վերակենդանացման բաժանմունքի կաթսայատունը (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ), նորոգվել են «Բ» մասնաշենքի տանիքը, երկու հարկերը, կառուցվել է կաթսայատուն, նորոգվել է հիվանդանոցի «Ա» մասնաշենքի տանիքը:
Հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշել է, որ անձրեւի եւ ձյան ժամանակ անմխիթար վիճակում գտնվող տանիքը լուրջ խնդիրներ էր առաջացնում, իսկ այսօր արդեն հաջողությամբ շահագործվում են նաեւ վերանորոգված մասնաշենքերի բաժանմունքները, բարեկարգ պայմաններում հնարավոր է դարձել որակյալ բուժծառայությունների մատուցումը հիվանդներին. «Միայն 2007 թվականին սպասարկել ենք 4700 հիվանդի: Բարեկարգված սանհանգույցները բացառում են հիվանդությունների տարածումը. մի շատ կարեոր հանգամանք ինֆեկցիոն հիվանդանոցների բուժսպասարկման համար»:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը շահագործման է հանձնվել 1956 թվականին: Սա միակ հաստատությունն է Հայաստանում, որտեղ կատարվում է տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում եւ բուժում: Հիվանդանոցը սպասարկում է Հայաստանի ողջ բնակչությանը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել