Պետությունը պետք է լինի ֆիլմերի պատվիրատուն
Փառատոններին գումար տրամադրելը պետության կողմից, ըստ դերասան Կարեն Ջանիբեկյանի, միայն «գալկաներ» են, որոնք արվեստը չեն փրկում, քանի որ այն այսօր վատ վիճակում է: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հարցերին պատասխանելիս Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարեն Ջանիբեկյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը ներկա կինոարտադրության թերությունների մեղքը բարդեցին պետության վրա: Ըստ նրանց, պետությունը պետք է պատվեր տա, թե ինչ է իրեն անհրաժեշտ, ինչի մասին է ուզում լսել, և կինոյի միջոցով ինչի դեմ է ուզում պայքարել: «Սովետական շրջանում հայկական կինոյում կային հերոսներ, իսկ վերջին 20 տարվա ընթացքում մենք ոչ մի հերոս չենք ստեղծել: Հերոսին տեսնելով` ժողովուրդը ուզում է պայքարել: Կինոյում հիմա հերոս չկա»,-փաստեց Ռ. Գևորգյանցը` ավելացնելով, որ «մենք հսկայական պատերազմական շրջան ենք անցել, իսկ դրանից հետո ոչ մի կինոհերոս չկա, որովհետև չկա պետական պատվեր»: Կինոգործիչների միության նախագահը օրինակ բերեց Իրաքի դեպքը. Իրաքի պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնը հրավիրել էր աշխարհի լավագույն ռեժիսորներին և պատվիրել ֆիլմեր նկարել, որտեղ իրաքցիները ապացուցում էին, որ իրենք այդ պատերազմում ճշմարիտ կողմ են հանդիսանում: «Մենք ինչ անում ենք, անում ենք ինքնուրույն»,-դժգոհում է բանախոսը:
Անդրադառնալով վերջին շրջանում հայկական սերիալների քանակի աճին և որակին` բանախոսները նշեցին, որ դա պայմանավորված է այժմյան սերնդի պահանջարկով, սակայն դրանք շուտով կավարտվեն: Սերիալները չեն դադարի, բայց որակը կլավանա,-համոզված են բանախոսները: «Մեզ մոտ հիմա մի համաճարակ է, կամաց-կամաց ոտքի կկանգննենք, իսկ դրա համար պետությանը հարկավոր է հիշեցնել, որ գույություն ունի մշակույթ, մշակույթի մարդիկ»,-ասաց Ռ. Գևորգյանցը: «Մենք ազգովի սկսել ենք երգել, արևածաղիկ չռթել, ազգովի մտածում ենք, թե ոնց գողանանք»,-նշեց Կարեն Ջանիբեկյանը,-«սերիալները ծամոնի նման բան են, ոչ հաց են, ոչ` մեղր»,-շարունակեց Ռուբեն Գևորգյանցը:
Սերիալների մասին Ռ. Գևորգյանցի բացասական վերաբերմունքը լրագրողներին ստիպեց որոշ ճշգրտումներ մտցնել, թե այդ դեպքում ինչու Ռուբեն Գևորգյանցը նկարահանվում է այդ սերիալներից մեկում: «Վրիժառու» սերիալում Ռ. Գևորգյանցը իր դերակատարությունը պատճառաբանեց սցենարի` չարու նկատմամբ բարու հաղթանակի ու հետաքրքիր լինելու հանգամանքով և նշեց, որ այդ սերիալում ինքը նկարահանվում է առանց աշխատավարձի` ձրի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել