HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ ամսով դերասաններին տալ դատավորի պաշտոն»

«Հայելի» ակումբում այսօր մշակույթի գործիչների աշխատավարձերի թեման քննարկեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարեն Ջանիբեկյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Մշակույթի գործիչների աշխատավարձը սահմանված է 30-50 հազար դրամի չափ: Իսկ վերջերս դատավորների աշխատավարձի բարձրացումը մինչև մոտ 400 հազար դրամի Կարեն Ջանիբեկյանին այնքան էլ չէր մտահոգել: Ըստ դերասանի` դա չի նպաստում դատական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի նվազեցմանը: «Իհարկե ես կուզենամ, որ ժողովուրդը լավ ապրի, թող բարձրացնեն եռապատիկ, քառապատիկ, բայց դատավորի ձեռքը սովոր է փող վերցնելու, ինչքան էլ լավ ապրի, նա էլի կվերցնի: Պետությունը չի հետևում դատավորների գործին, չի նստեցնում այն դատավորներին, որոնք փող են վերցում, ստիպված որոշել է այսպիսի մի լավություն անի, որ նրանք ավելի լավ ապրեն ու կաշառք չվերցնեն»: Կարեն Ջանիբեկյանը ամեն ինչին հիմա փիլիսոփայորեն է մոտենում ու դա կապում է իր տարիքի հետ: Դերասանը ապրում է Գառնիում, ունի մեկ շուն, երեխաները տարբեր տեղերում են հաստատվել, ինքը հեքիաթային տուն է կառուցել ու հիմա շփվում է բնության հետ, վայելում է բնության կանչերը, գյուղական ծուխն ու հոտը: Լրագրողներին էլ խորհուրդ տվեց գնալ ու շփվել բնության հետ, այդ ժամանակ նրանք հանգիստ կթողնեն դատավորներին: «Մեր թատրոնում այնքան անշնորհք դերասաններ կան, որոնք ինձնից շատ են ստանում, բայց ես երբեք չեմ բողոքել տնօրենին: Եթե նա շատ է ստանում, ուրեմն նա դրա կարիքն ունի: Ես դրա կարիքը չունեմ: Ես ընդհանրապես ոչ մի բանի կարիք չունեմ»,-ասում է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը: Մյուս բանախոսը` Ռուբեն Գևորգյանցը գտնում է, որ մշակույթի գործիչների աշխատավարձերը պետք է բարձրացնել, քանի որ հատկապես դերասանները աշխատում են ոչ թե 8 ժամ, ինչպես դատավորները, այլ 20 ժամ` ցրտին, արևին ու անձրևին: Ռուբեն Գևորգյանցը կատակով առաջարկեց մեկ ամսով դերասաններին տալ դատավորի պաշտոն, և նրանք մի քանի տարվա գումարը կլրացնեն այդ մեկ ամսում: «Որ մենք վատ ենք ապրում, դա փաստ է, որ մեզ ուշադրություն չեն դարձնում, դա էլ է փաստ, երևի այս երկրին դատավորներ են պետք, որովհետև ազգովի գող ենք, եթե դրանով ժողովուրդը լավ կապրի, թող բարձրացնեն»,-ամփոփեց Կարեն Ջանիբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter