Տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հայաստանյան աշխատաշուկայի վրա
«Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը եւ նույն գործակալության Աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսումների բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը այսօր «Ուրբաթ» ակումբում անդրադարձան հայաստանյան աշխատաշուկայի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գործակալությունը սկսեց ահազանգեր ստանալ. «Ահազանգերը հատկապես Հայաստանի լեռնաարդյունաբերական ձեռնարկություններից` Ագարակից, Ալավերդուց, Կապանից էին: Նրանք տեղեկացնում էին, որ սպասվում են կրճատումներ:Այժմ մենք իրականացնում ենք իրավիճակի գնահատում տեղերում»,- ասում է գործակալության պետը: Սպասվում է 1655 կրճատում ձեռնարկություններում: Վերջնական արդյունքները, սակայն, բացակայում են, քանի որ գնահատման պրոցեսը ընթացքի մեջ է. «Բայց մենք արդեն 2009թ ծրագրերը կազմելու ժամանակ օգտագործել ենք տարածքային ուղղվածությունը, ինչի հետեւանքով էլ նախատեսված է 10 անգամ ավելացնել ակտիվ ծրագրերի իրականացումը մարզերում: Մենք կունենանք դժվարություններ, բայց գոնե ժամանակավոր զբաղվածության համար կիրականացնենք միջոցառումներ»:
Ձեռնարկատերերը, ըստ Ա. Փարսադանյանի, մայիս-հունիս ամիսների կանխատեսումներից ելնելով` վատատես չէին. «Հիմնականում փոքր կազմակերպություններն էին, որ մտածում էին, թե ճգնաժամի պատճառով կունենան աշխատողների թվի նվազում, սակայն այժմ իրական վիճակը կարող է նոր հետազոտություններից հետո փոխվել»:
Գործակալության պետն էլ կարեւորում է միջազգային դոնոր-կազմակերպությունների օժանդակությունը. «Դեռեւս նրանց կարիքը կա, քանի որ եթե պետությունը խնդիր է դրել ինտեգրվել Եվրոպական ընտանիքին, ուրեմն, ինչպես մյուս երկրները, այնպես էլ Հայաստանը, պետք է ստանա համապատասխան օժանդակություն»:
Անահիտ Փարսադանյանը տեղեկացրեց, որ բացի լեռնաարդյունաբերական ոլորտից ՏՏ ոլորտի Երեւանի գիտաարտադրական միավորները եւս կրճատումների հայտ են ներկայացրել. «Երեւանում 180 հոգու սպասում է կրճատում Հայկական լրատվական կենտրոնից»:
Գործակալության պետը նշում է, որ իրենց հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 6000 թափուր աշխատատեղ կա . «Տարբեր տեսակի բարձր որակավորում պահանջող բանվորական մասնագիտություններ` էլեկտրաեռակցող, վարորդներ, խոհարարներ, մատուցողներ, մարզերում` բժիշկներ, ուսուցիչներ»: Նա նշում է, որ կրճատումների դեպքում պետք է ճիշտ գնահատվեն մարդկանց մասնագիտական կարողությունները, ինչը հնարավորություն կտա լրացնել թափուր աշխատատեղերը: Իսկ ինչու գործազուրկների առկայության դեպքում թափուր աշխատատեղերը չեն լրացվում. «Պատճառներից մեկը` երիտասարդների աշխատանքի ընդունման ժամանակ պահանջում են փորձաշրջան, կամ գործազուրկը չի համապատասխանում գործատուի պահանջներին` բարձր որակավորմամբ, նաեւ ցածր աշխատավարձն է պատճառը»:
Ս. Հարությունյանը խորհուրդ է տալիս գործատուներին. «Որոշակի չափով կրճատեք Ձեր շահույթները եւ բարձրացրեք աշխատավարձերը, քանի որ վաղը չենք ունենա պահանջված աշխատուժը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել