2008թ զբաղվածության ոլորտում նշանավորվում է դրական փոփոխություններով
Այս մասին Ուրբաթ ակումբում ասաց. «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա նշում է, որ 2008թ զբաղվածության կարգավորման պետական ծրագիրը կատարվել է 100 տոկոսով: Ս. Հարությունյանը ներկայացրեց աշխատաշուկայի պատկերը. «Ունենք 91.000 հաշվառված աշխատանք փնտրողներ, որոնցից 76.000 ունեն գործազուրկի կարգավիճակ, իսկ գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 0.4 տոկոսով` կազմելով 6.3 տոկոս»:
Այս տվյալները միջինն են հանրապետության մակարդակով, քանի որ առանձին մարզերում գործազրկության մակարդակը բարձր է հանրապետական միջինից. «Հատկապես Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում»: Ակտիվ ծրագրերը, ըստ գործակալության պետի, հաջողությամբ կատարվել են. «Նոր ծրագրերից` Աշխատավարձի փոխհատուցում գործատուին, Վարձատրվող հասարակական ծրագիրը, որը իրականավցվել է բոլոր մարզերում, բացի Արմավիրի մարզից, քանի որ ամբողջությամբ չկարողացան ծրագիրը իրականացնել, դիմեցին նախարարությանը` հայտնելով, որ 8 մլն դրամի ծրագրեր չեն կարող իրականացնել»:
Սոնա Հարությունյանը տեղեկացնում է, որ կարեւորվում են նաեւ որակական ցուցանիշները, որոնք պայմանավորված են գործազուրկների մասնագիտական ուսուցմամբ , աշխատանքի տեղավորմամբ. «Այս տարի 1400-ից ավել գործազուրկներ վերապատրաստվել են պետական ծրագրի շրջանակներում, համագործակցություն է եղել միջազգային կազմակերպությունների հետ: Նշանակալին այն է, որ վերապատրաստվել են ոչ ավանդական մասնագիտությունների գծով»:
4-րդ տարին է, ինչ կիրառվում է գործատուի հարցաթերթիկ մեթոդը,որը հետազոտում է աշխատաշուկան. «Այս տարի ուսումնասիրվել են 3000 գործատուներ, ընտրանքը հստակեցված էր եւ ընտրվել էին տարբեր ոլորտի ձեռնարկություններ` 30 տոկոս խոշոր ձեռնարկություններ, 27 տոկոս` փոքր, մնացածն էլ միջին եւ գերփոքր»:
Հետազոտության արդյունքները թույլ են տվել հստակեցնել գործատուների առաջիկա պահանջները. «Առաջիկա 6 ամիսների համար գործատուներն ավելի լավատես են: Մենք ունենք բոլոր թափուր աշխատանքների մասին տվյալներ, որոնք թույլ են տվել 7400 գործազուրկի աշխատանքի տեղավորել»:
Գործազուրկների մի մասին էլ հնարավոր կլինի տեղավորել աշխատանքով այլ վայրերում, քանի որ «Այլ վայր տեղափոխվելու դեպքում դրամական փոխհատուցման» ծրագիրը, որը դրամական աջակցության բացակայության պատճառով չէր իրականացվում, մարտին ընդունված նոր կարգի համաձայն` 500 000 դրամի աջակցություն է նախատեսում. «Այս գումարը նախատեսված է գույքը տեղափոխելու, տարվա ընթացքում 4 անգամ հիմնական բնակավայր վերադառնալու համար, նաեւ` 1 տարվա համար փոխհատուցվում է նվազագույն աշխատավարձի չափով կոմունալ եւ բնակարանային վարձը»:
Այս տարի կիրառվեցին նաեւ նոր, միջազգայնորեն ընդունված մեթոդներ` աշխատաշուկայի 5 տոնավաճառ, որոնցից երեքը մարզերում. «Տոնավաճառներն արդյունավետ մեթոդ են: Միջազգային ծրագրերի աջակցությամբ իրականացված այս տոնավաճառների արդյունքների շնորհիվ, մենք ծրագիր ներկայացրեցինք կառավարությանը 2009թ համար, որն ընդունվեց եւ 2009թ վեց նման տոնավաճառներ կիրականացվեն մարզերում` պետական բյուջեի միջոցներով»:
Սոնա Հարութունյանը այս տարվա ծրագրերից կարեւորում է նաեւ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի բացումը: Այս ծրագրի գաղափարի վրա գործակալությունը աշխատել է 5 տարի. «Հետազոտությունները ցույց էին տալիս, որ կրթություն ստացողների կեսից ավելին մասնագիտությամբ չեն աշխատում, այսինքն կար խնդիր, պետք էր տեղեկացնել աշակերտներին աշխատաշուկայի պայմաններին: Սա հնարավորություն կընձեռի պահանջված մասնագիտություններ ընտրել»,-ավելացնում է գործակալության պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել