
Կրպակատերերը սպասում են. Արաբկիրի ղեկավարի տեղակալը խոստացել է վերադառնալ 4 օրից
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց-Քոչարի փողոց հատվածում գտնվող 18 կրպակի տերերն ու վարձակալները: Նրանք հուլիսի 27-ին ստացել էին Արաբկիրի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանի ստորագրած հանձնարարականը, որով պահանջվում էր կրպակներն ապամոնտաժել 7-օրյա ժամկետում: Հրայր Անտոնյանի հանձնարարականում հղում էր արվում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականին:
Կրպակատերերը հուլիսի 28-ին դիմել էին Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով տրամադրել 342144 հանձնարարականը: Սակայն քաղաքապետարանում նրանց ասել են, որ 342144 հանձնարարականը ապամոնտաժման հրաման չէ, այլ խոսքը կրպակների գույքագրման մասին է: Կրպակատերերը դեռևս գրավոր պատասխան չեն ստացել քաղաքապետարանից:
Երեկ Փափազյան փողոց է եկել Արաբկիրի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը: Նրա հետ եղել են ոստիկաններ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ունեցել են կրպակներն ապամոնտաժելու գործիքներ:
Հրայր Անտոնյանն ասել է, որ կրապակները պետք է ապամոնտաժվեն՝ ըստ Կարեն Կարապետյանի հրամանի: Երբ կրպակատերերը պահանջել են ցույց տալ Կարեն Կարապետյանի հրամանը, Հրայր Անտոնյանի ենթակաները գնացել և վերադարձել են՝ իրենց հետ բերելով մի բլանկ, որի մի մասը ձեռագիր է գրված եղել: Կրպակատերերը չեն հավատում, որ այդ թուղթը Երևանի քաղաքապետի հրամանն է եղել:
Բոլոր կրպակատերերն էլ ունեն առևտրով զբաղվելու թույլտվություն: Սակայն նրանցից ոմանք, ունենալով կրպակի վարձակալման վկայական, չունեն հողի վարձակալության պայմանագիր: Նրանք դիմել են հողի վարձակալման պայմանագիրը երկարացնելու համար, բայց մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Հրայր Անտոնյանն ասել է, որ չեն ապամոնտաժվի այն կրպակները, որոնց հողի վարձակալության պայմանագիրը դեռ ժամկետի մեջ է: Այդ կրպակները կապամոնտաժվեն պայմանագրի ժամկետի լրանալուց հետո: Այժմ կապամոնտաժվեն այն կրպակները, որոնք չունեն հողի վարձակալման պայմանագիր, ինչպես նաև նրանք, որոնք դիմել են պայմանագիրը երկարացնելու համար, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Ըստ Հրայր Անտոնյանի՝ ապամոնտաժվելիք կրպակների տարածքը կանաչապատվելու է, և ոռոգման խողովակներ են անցկացվելու:
Կրպակատերերն ասում էին, որ երեկ ոստիկանները ուղղակի հրաման էին կատարում և տրամադրված չէին կրպակները քանդելու՝ բացի մեկ մայորից: Կրպակատեր Նարինե Կիրակոսյանը մայորին առաջարկել է սկզբում ապամոնտաժել այն էլիտար շենքերը, որոնք կառուցվել են Մոնումենտի հատված անտառի տեղում:
«Թող գնան, էլիտար շենքերը սկսեն քանդել, առաջվա մեր Երևանի անտառը հետ վերադարձնեն, մենք մեր ձեռքով մեր կրպակները քանդենք: Թող ժողովրդի սոցիալական հարցը լուծվի, ժողովուրդը աշխատատեղ ունենա, ասի՝ «աղբեր ջան, արի էս կրպակները վերցրու, մեզ պետք չեն»»,- ասում էր Նարինեն:
Մյուս կրպակատերերը ևս առաջարկում են սկզբում լուծել իրենց հանապազօրյա հացի հարցը, հետո նոր զբաղվել Երևանի կանաչապատմամբ:
Հ. Անտոնյանը կրպակատերերին ասել է, որ Արաբկիրի կանաչապատման ձեռնարկությունում 11 թափուր աշխատատեղ կա, և առաջարկել աշխատել այդտեղ, ինչից կրպակատերերը հրաժարվել են: Նարինեն ասում է, որ Երևանի կանաչապատմամբ կզբաղվի հասարակական հիմունքներով, բայց մշտապես նման աշխատանք չի անի:
Երեկ Հրայր Անտոնյանը կրպակատերերին ասել է, որ 4 օր հետո նորից են գալու: Կրպակատերերը վախենում են, որ այս անգամ Արաբկիրի ղեկավարի տեղակալը կարող է գալ ոչ թե ոստիկանների, այլ կարմիր բերետավորների կամ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ:
«Եթե իրանք զորեղ եղան, թղթով եկան... Այ էդ է մեզ վախեցնում, որովհետև իրանք ասեցին՝ մենք կգանք թղթով»,- այսօր կառավարության շենքի մոտ կրպակատերերից մեկն ասաց իրենց մոտեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանին:
«Բոլոր թղթերը, որոնք ժողովրդի դեմ են, ապօրինի են»,- պատասխանեց Կարինե Հակոբյանը:
Նա նշեց, որ եթե Արաբկիրի թաղապետարանը փորձի ուժային մեթոդներով ապամոնտաժել կրպակները, ապա իրենք էլ պաշտպանվելու են ուժային մեթոդներով:
«Մենք լինելու ենք այնտեղ, և թող գան իրենց մահակներով ժողովրդի դեմ, թող շարունակեն: Վերջիվերջո, պատասխան են տալու»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Կրպակատերերը որոշեցին Արաբկիրի ղեկավարի տեղակալի և ապամոնտաժողների սպասվող այցի ժամանակ կանգնել կրպակների առջև և թույլ չտալ, որ դրանք ապամոնտաժեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել